Հասարակական

Իրաքում եզդիների նկատմամբ կատարվածը տեղավորվում է ցեղասպանական գործողության բնորոշման մեջ. Սուրեն Մանուկյան

3 րոպեի ընթերցում

Իրաքում եզդիների նկատմամբ կատարվածը տեղավորվում է ցեղասպանական գործողության բնորոշման մեջ. Սուրեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսում եզդիները սպանվում են կրոնական հողի վրա, իսկ ցանկացած խմբի կանխամտածված ոչնչացում կրոնական տարբերակիչով` ցեղասպանություն է: Սա ավելի շատ նման է, Դարֆուրի կամ Բոսնիայի դեպքերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արաբագետՍուրեն Մանուկյանը:

«Եզդիներին կանխամտածված սպանում են հենց ուղղակիորեն նրանց կրոնական պատկանելության պատճառով, իսկ ստրկացնելը, ինչպես նաեւ հեռանալու պատճառով առաջացած ծանր պայմանները ֆիզիկական ոչնչացման են բերում: Հայոց ցեղասպանությունը պետական հանցագործություն էր, Իրաքի հյուսիսում տեղի ունեցածի դեպքում պետություն չկա: Հայերինը մշակված ծրագիր էր, եզդիների պարագայում անհայտ է` կա ծրագիր, թե սպոնտան ջարդ է», - ասաց Սուրեն Մանուկյանը:

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը հունիսի վերջին, Իրաքի եւ Սիրիայի մի հատվածի վրա հռչակեց Իսլամական խալիֆայության ստեղծման մասին: Այս կիսապետական կազմավորումն իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտարարեց շարիաթի օրենքների գերակայություն եւ ակտիվորեն սկսեց այն կյանքի կոչել:

«Թեեւ ԻԼԻՊ-ը հիմնական թշնամիներ է հայտարարել շիաներին, սակայն նրանց վերահսկողության տարածքում դաժան ճնշման են ենթակվում նաեւ քրիստոնյաները եւ եզդիները: Տասնյակ հազարավոր քրիստոնյաների փոխուստը ԻLԻՊ-ի կողմից զբաղեցված տարածքներից ուղեկցվում է եզդիների օրեցօր ահանգացող վիճակով: Իսլամականներն ընկալում են վերջիններիս իբրեւ հեթանոսների, ինչը մահվան արժանի հանցանք է Իսլամում», - նկատեց արաբագետը:

Նա նաև հավելեց, որ եզդիներին ստիպում են անվերապահորեն ընդունել իսլամ: Հրաժարվողներին ուղղակի սպանում են տեղում: Բավականին դժվար է ճշգրիտ եւ ամբողջական տեղեկություն ստանալ, սակայն կատարվածը լիովին տեղավորվում է ցեղասպանական գործողության բնորոշման մեջ:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությանընդունած «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ցեղասպանություն է համարում որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացվող խմբի անդամների սպանությունը, ինչպես նաեւ խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում