Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մի խումբ պատանիներ այցելեցին հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ զոհված Արմեն Հովհաննիսյանի տուն

Մի խումբ պատանիներ այցելեցին հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ 
զոհված Արմեն Հովհաննիսյանի տուն

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների պատանիներն ու երիտասարդներն այցելեցին հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի տուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`պատանիները շրջեցին տանը բացված Արմեն Հովհաննիսյանի փոքրիկ թանգարանում, որտեղ զոհված զինծառայողի ծնողները ցուցադրել էին նրա մեդալները և շնորհակալագրերը, ինչպես նաև հուշերը, գրառումներն ու նրան պատկանող այլ իրեր: Պատանիները զրուցեցին Արմեն Հովհաննիսյանի մոր՝ Մարինե Հովհաննիսյանի հետ, շնորհակալություն հայտնեցին նրան` նման հերոս որդի ծնելու համար, ով կյանքի գնով պաշտպանել է հայրենիքը: Երեխաներից մեկն ընթերցեց Արմեն Հովհաննիսյանի մասին իր գրած շարադրությունը, որը մրցույթում լավագույնն էր ճանաչվել, այնուհետև այն նվիրեց զոհված հերոսի մորը:

Այնուհետև պատանիները խմբակային հայրենասիրական երգ կատարեցին, որը նվիրեցին բոլոր զինծառայողների մայրերին: Լրագրողների հետ զրույցում Մարինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջին անգամ չէ, որ իրենց տուն այցելություններ են լինում: Նա ուրախությամբ նշեց, որ երբեմն գալիս են մայրեր իրենց փոքր տարիքի երեխաների հետ: «Շատ կարևոր է, որ ծնողն ինքն է հասկանում, որ դա իր երեխային պետք է, որովհետև մենք, լինելով փոքր ազգ, ուժեղ և միասնական պետք է լինենք, իսկ նման նախաձեռնությունները հայրենասիրություն են սերմանում մատաղ սերնդի ներկայացուցիչների մեջ: Մենք պետք է կարողանանք դիմագրավել մեր արտաքին թշնամիներին, իսկ մենք գիտենք, որ Հայաստանը շրջապատված է թշնամի պետություններով, ուստի մեզ հարկավոր է հզոր բանակ, որի համար էլ մենք պետք է դաստիարակենք այնպիսի տղաներ, ովքեր խիզախությամբ և հպարտությամբ կկատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ»,- նշեց տիկին Մարինեն:

Մինչ Արմեն Հովհաննիսյանի տուն այցելելը, Գեղարքունիքի մարզի տարբեր շրջանները ներկայացնող պատանիները այցելել են նաև վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ ծանր վիրավարված և այժմ «Մուրացան» ռազմական հոսպիտալում գտնվող Նորայր Քամալյանին, որից հետո եղել են նաև Եռաբլուրում:

«Պատիվ ունեմ» ծրագիրն իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am