Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեծացել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին դիմողների թիվը

Մեծացել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին դիմողների թիվը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ կարողանում են լուծել իրենց առաջնային գիտական խնդիրները, առաջին քայլերը կատարել, փորձ ձեռք բերել գիտության ասպարեզում։ Այս մասին նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Կարեն Ավագյանը շեշտել է, որ այն պահանջները, որոնք 2-3 տարի առաջ դրվել են երիտասարդ գիտնականների կողմից, ժամանակի ընթացքում լուծվել են։ Այլ հարց է, որ տարիների ընթացքում պահանջները փոխվում են, և դրանք մշտապես ուշադրության ու քննարկման կենտրոնում են։

Հիմնադրամի համակարգողը նաև հույս է հայտնել, որ մեր երիտասարդ մասնագետները, հետագայում շահելով միջազգային դրամաշնորհներ, դրանք կիրականացնեն Հայաստանում՝ ի նպաստ մեր գիտության զարգացման, և իրենք էլ իրենց հերթին գիտական հետազոտական խմբերում, տարբեր ծրագրերում կընդգրկեն երիտասարդ գիտնականների։

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանն, իր հերթին ամփոփելով 2014թ. 1-ին կիսամյակում ԵԳԱԾ աշխատանքերը, նշել է, որ միջազգային գիտաժողովներին մասնակցության համար յուրաքանչյուր ամիս 5-6 գիտնական ստացել է ֆինանսական աջակցություն։ Իրականացվում է Հայաստանում երիտասարդ գիտնականների գիտաժողով կամ գիտական դպրոց կազմակերպելու մրցույթը, և 10 կազմակերպություն ֆինանսավորում է ստացել, ընդ որում, մեծ մասը՝ միջազգային բնույթի։ Այս տարի, հաշվի առնելով շահառուների ցանկությունները, մեկնարկել է երիտասարդ գիտնականների համար գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման ֆինանսական աջակցության մրցույթը։ Արդյունքներն ամփոփվել են, և 13 երիտասարդ գիտնական յուրաքանչյուրը մոտ 1 միլիոն դրամի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ստացել՝ գիտական սարք կամ նյութեր ձեռք բերելու համար։ Կառլեն Խաչատրյանը կարևորել է այս նախաձեռնությունը, քանի որ այդ սարքերն ու նյութերը ոչ միայն ընթացիկ տարում օգտագործվելու են հետազոտությունների իրականացման համար, այլև հետագայում մնալու են լաբորատորիաներում և նպաստելու են գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։

2014թ. անցկացվել է նաև երիտասարդ գիտնականների գիտական աշխատանքների տպագրության մրցույթ։ Հուլիսին ավարտվել է հայտերի ընդունումը, այժմ հայտերի ուսումնասիրման փուլն է, և մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինեն այդ մրցույթի արդյունքները։ Կառլեն Խաչատրյանն ընդգծել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն տարի դրամաշնորհներ տրամադրող ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) հետ, և երկու դրամաշնորհ հատկացնելու է նաև Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը՝ ցեղասպանագիտության և կենսաբանության ոլորտներում։ Այս դրամաշնորհի շրջանակներում մեկ տարով գիտական հետազոտություն իրականացնելու համար կհատկացվի 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կառլեն Խաչատրյանը նկատել է նաև, որ ՀՀ Նախագահի աջակցությամբ իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում ամեն ամիս կամ մրցույթից մրցույթ արձանագրվում է հայտերի ավելացում, ինչն, ըստ նրա, պայմանավորված է ծրագրի արդյունավետությամբ և երիտասարդ գիտնականների շրջանում ծրագրի հեղինակության ու տեղեկացվածության բարձրացմամբ։

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) մեկնարկել է 2012թ. հուլիսի 1-ից։ Այն իրականացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Ծրագրի տարեկան բյուջեն 200 միլիոն դրամ է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am