Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք»-ում ստացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք»-ում ստացավ «Հանդիսատեսի համակրանք» 
մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցանակը մեր պատվիրակին հանձնեց «Նոր ալիք»-ի ժյուրիի անդամ Ֆիլիպ Կիրկորովը և «Twelve Thirteen» ոսկերչական ընկերության ղեկավար Ֆարիդ Ասրին:

«Ինձ համար շատ հաճելի է հանձնել այս ամենակարևոր մրցանակներից մեկը, որովհետև այն ամենն, ինչ մենք և դուք եք անում, արվում է, որ հանդիսատեսը հաճույք ստանա և ծափահարի ձեզ: Ես երջանիկ եմ, որ այս մրցանակը կլինի հիասքանչ երգչուհու ձեռքերում՝ մի շատ հյուրընկալ, ջերմ երկրից: Երգը, որը դուք կատարել եք երկրորդ մրցութային օրվա ընթացքում, դիպավ բոլոր այն մարդկանց սրտերին, ովքեր դիտել են այս մրցույթը: Երգ արևային Հայաստանից: Սոնա Ռուբենյան»,- շնորհավորելով հայ երգչուհուն՝ նշեց Ֆիլիպ Կիրկորովը:

Սոնա Ռուբենյանը շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին: «Շնորհակալ եմ հեռուստադիտողներին, ովքեր քվեարկել են ինձ համար: Ձեր շնորհիվ այս մրցանակն իմ ձեռքերում է: Շնորհակալ եմ իմ թիմին»,- նշեց մեր պատվիրակը: Ռուբենյանը հեղինակավոր մրցույթում 220 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

«Նոր ալիք» մրցույթին այս տարի մասնակցեցին 16 երգիչ և երգչուհի՝ 13 երկրներից: Մրցույթի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն, ով ստացավ 50 հազար եվրո պարգև: Ուկրաինայի ներկայացուցիչներ Վիկտորյա Պետրիկը և Վյաչեսլավ Ռիբիկովը հայտնվեցին 2-րդ և 3-րդ հորիզոնականներում՝ ստանալով 30 և 20 հազար եվրո համապատասխանաբար: Մրցույթի մուսա Ալլա Պուգաչովան 20 հազարական եվրո մրցանակներ նվիրեց Լատվիայի և Լիտվայի ներկայացուցիչներ Ստաս Շուրինսին և Մոնիկա Լինկիտեին:

Բացի այդ, բոլոր երկրների ներկայացուցիչներն ստացան մասնակցության դիպլոմներ: «Ձինտարի» համերգասրահում անցկացված փակման արարողությունը վարեցին բոլոր վեց հաղորդավարները՝ Լերա Կուդրյավցեվան, Սերգեյ Լազարևը, Լիպան, Ալեքսանդր Ռևան, Աննա Սեմենովիչը, Ստաս Կոստյուշկինը, ովքեր իրենց հումորով զվարճալի պահեր պարգևեցին հանդիսատեսին: Երեկոն նվիրված էր Իգոր Կրուտոյի հոբելյանին: Հայ հեռուստադիտողը հնարավորություն ստացավ համերգը դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ Վարդուհի Ալեքսանյանի և Ավետ Բարսեղյանի մեկնաբանությամբ:

Մրցույթի փակման առթիվ ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչները հանրությանը ներկայացրին յուրահատուկ երգեր: Հանդես եկան նաև մրցույթի մասնակիցները: Սոնա Ռուբենյանը կրկին կատարեց Ազատ և Մանե Հակոբյանների «Կարոտ» երգը՝ արժանանալով  բազմաթիվ ծափողջյունների:

«Շանթ» հեռուստաընկերությունը հնարավորություն ընձեռեց նաև Սոնային տեսնել ՝ Գարիկի, Անդրեի և պրոդյուսեր Աննա Թադևոսյանի ուղեկցությամբ: Շնորհակալություն հայտնելով իր համար քվեարկած մարդկանց՝ Ռուբենյանը նշեց, որ իր մրցանակը նաև նրանցն է:

«Նոր ալիք» մրցույթի ժյուրիի կազմում այս տարի հանդես եկան այնպիսի անվանի արտիստներ, ինչպիսիք են Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաևը, Վալերի և Կոնստանտին Մելաձեները: Ժյուրին ղեկավարում էր մրցույթի համահիմնադիր Իգոր Կրուտոյը:

Մրցույթը Յուրմալայում այս տարի անցկացվում էր հուլիսի 22-27-ը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի, ցուցադրվում էին օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն էին ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին: Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակիցը պետք է ներկայանար երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել այդ տարվա նոյեմբերի 28-ին և 29-ին` Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am