Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեւոն Տեր-Պետրոսյանն անպատասխանատու գործչի տպավորություն է սկսում թողնել. Արտակ Զաքարյան

Լեւոն Տեր-Պետրոսյանն անպատասխանատու գործչի տպավորություն է սկսում թողնել. 
Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին է անդրադարձել Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը` facebook-յան իր էջում գրելով, որ հարցազրույցից հետո հանգել է այն հետեւության, որ նախկին նախագահը վերաիմաստավորման ողջ փորձաշրջանը տապալելով հանդերձ, տապալում է նաև «նախկին Նախագահ» բարձր առաքելությունն ու ինստիտուցիոնալ ընկալումները:

«Այն, որ Տեր-Պետրոսյանը կարող է բավարար ինֆորմացիա չունենալ, հասկանալի և պարզ է իր այսպես կոչված՝ հրատապ հարցազրույցից: Այդ պատճառով էլ հարցազրույցում քիչ չեն իրականությունից հեռու հայտարարությունները: Բայց որ մեր երկրի առաջին Նախագահն իրավունք ունի գավառական մեթոդաբանությամբ, առանց բավարար տեղեկատվության, հաշվի չառնելով օրեցօր փոփոխվող և վտանգներով ու սպառնալիքներով հարստացող արտաքին աշխարհի գործոնները` զբաղվել վերլուծությամբ, դա համարում եմ անընդունելի նույնիսկ սկսնակ գործիչների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ նշել է Զաքարյանը:

Նրա խոսքով, Տեր -Պետրոսյանը պատասխանատու պահին անպատասխանատու և չարախնդացող գործչի տպավորություն է սկսում թողնել: «1998թ. ամենապատասխանատու պահին հրաժարական տվեց ու հեռացավ՝ չարախնդալով: 2008թ. հետընտրական դժվար ու պատասխանատու պահին անպատասխանատու քաղաքական վարքով ու հայտարարություններով փաստի առաջ կանգնեցրեց ու անօրինական գործողությունների մղեց իր թիմին ու ընտրողներին: Այսօր, երբ երկիրը գտնվում է նոր ինտեգրացիոն հեռանկարների ու համագործակցության բազմակողմ հնարավորությունների պատասխանատու ճանապարհին, իր մեջ «ուժ է գտել» անհիմն հայտարարություններ անելու եւ անօգուտ եզրակացությունների գալու: Ստացվում է, որ առաջին Նախագահի պատվավոր տիտղոսն ու պատմական հմայքը որոշ դեպքերում կարող են խանգարել առողջ բանականությանը»,- գրել է պատգամավորը:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցում խոսել է սահմանային միջադեպերի, ԼՂ հակամարտության եւ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ խոչընդոտներին: Ըստ առաջին նախագահի` ԵՏՄ-ին անդամակցելու հիմնական խնդիրը ոչ Ղազախստանն, ոչ էլ Ռուսաստանը, հիմնական հարցը մաքսակետի տեղադրում է ՀՀ-ԼՂՀ սահմանին: Խոսելով սահմանային միջադեպերի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է: «Ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետեւյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունն ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am