Վիրահայոց թեմում կասկածում են, որ Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա հարձակումը կենցաղային միջադեպ էր
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը տարակուսանքով է ընդունել Վրաստանի ներքին գործերի նախարարության այն հայտարարությունը, որ Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցած հարձակումը եղել է կենցաղային հողի վրա եւ իր մեջ չի պարունակում էթնիկ կամ ազգային փոքրամասնություններին ուղղված ատելություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վիրահայոց թեմի մամուլի ծառայության ղեկավար Սուսաննա Խաչատրյանը տեղեկացրեց, որ եկեղեցում 50 մարդուց բաղկացած խումբը վիրավորել է հայերի ազգային արժանապատվությունն ու դա դժվար է որակել եւ ընդունել որպես կենցաղային միջադեպ:
«Մենք իհարկե շատ կցանկանայինք, որ միջադեպն ազգային հողի վրա չլիներ, սակայն նրանք հայհոյանքներ էին հասցեագրում հայ մարդու, Հայոց եկեղեցու հասցեին: Եթե իրավապահ մարմինները կարծում են, որ կատարվածն, իրոք կենցաղային հողի վրա է, ապա թող նրանք կարողանան պատժել եւ միջոցներ ձեռնարկել, որ նման դեպքեր այլեւս չկրկնվեն: Նրանք եկեղեցու վրա են հարձակվել եւ դա արդեն շատ լուրջ է: Ինչեւէ, մենք սպասում ենք, տեսնենք, թե նախաքննությունն ինչպես կավարտվի»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ եկեղեցին շարունակում է իր բնականոն աշխատանքը, միջադեպի հաջորդ օրը եկեղեցում մատուցվել է կիրակնօրյա պատարագ:
«Քննիչները հաճախ գալիս են, քննում են, զրուցում են վկաների հետ, սակայն ընդհանուր առմամբ եկեղեցու աշխատանքը կանգ չի առել»:
Հուլիսի 19- երեկոյան ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Վրաստանի ՆԳՆ-ն կատարվածը որակել է կենցաղային միջադեպ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում