Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օպերային թատրոնի նոր շունչը. Անդրանիկ Արզումանյանի բարեփոխումները

Օպերային թատրոնի նոր շունչը. Անդրանիկ Արզումանյանի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը պատասխանատվությամբ է վերաբերում իր նոր պաշտոնին: Արդեն մի քանի ամիս օպերային թատրոնը ղեկավարելով` նա համոզվել է, որ թատրոնում բավականին մեծ աշխատանք կա կատարելու: Թատրոնում վերջերս իրականացվել են բարեփոխումներ, իսկ գեղարվեստական կազմը որակավորում է անցել:

«Հաջողությունների մասին դեռևս վաղ է խոսել, որովհետև աշխատանք շատ կա: Ես ընդամենը 2,5 ամիս եմ այստեղ, բնական է, որ աշխատանքը շատ է, կոլեկտիվը մեծ է, և թատրոնը խնդիրներ ունի, որոնց մասին շատերը գիտեին: Բայց ամենակարևոր քայլն այն է, որ մենք կատարեցինք շատ մեծ բարեփոխումներ՝ կառուցվածքային փոփոխություններ՝ ադմինիստրատիվ հատվածում: Օպերային թատրոնին պետք է նոր շունչ հաղորդել: Մեզ մոտ նոր՝ կառավարման և պրոդյուսերական բաժիններ բացվեցին, նաև պետք է լինի ռեժիսորական բաժին, որոնք նախկինում չեն եղել: Շատ մանրակրկիտ և դժվար աշխատանք է: Հույս ունեմ, որ հաջող ավարտեցինք այս փուլը: Ցավոք, եղան մարդիկ, ովքեր հրաժեշտ տվեցին թատրոնին, և կան այնպիսիները, որ նոր պետք է մտնեն թատրոն»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Անդրանիկ Արզումանյանը:

Օպերային թատրոնի տնօրենի կարծիքով, անհրաժեշտ է շեշտը դնել նաև երիտասարդ պրոֆեսիոնալ կադրերի վրա, որոնք հիմնականում կաշխատեն կառավարման բաժնում և կլինեն թատրոնի շարժիչ ուժը:  

«Գործընթացին զուգահեռ՝ մենք անցկացրել ենք գեղարվեստական խմբի որակավորման աշխատանքներ, որոնք անցել են 100 տոկոս թափանցիկությամբ: Մեր առջև խնդիր էր դրված ոչ թե մարդկանց ազատել աշխատանքից, այլ տեսնել նրանց որակական հատկանիշները, քանի որ մեզ մոտ սպասվում են աշխատավարձերի բարձրացումներ, և մենք պետք է հասկանանք, թե նրանցից ում աշխատավարձը պետք է բարձրացնել, ումը` ոչ»,-նշեց Արզումանյանը:

Որակավորման համար թատրոնն արտասահամանից, հիմնականում՝ Ռուսաստանից Հայաստան է հրավիրել պրոֆեսիոնալ մարդկանց: Վոկալի որակավորման քննությունների ժյուրիի հանձնաժողովը ղեկավարել է ՌԴ ժողովրդական արտիստուհի Լիդիա Չեռնիխը, իսկ բալետի հանձնաժողովը՝ ՌԴ ժողովրդական արտիստ, Մեծ թատոնի մենապարող Անդրեյ Ուվարովը:

«Սա մեզ թույլ է տալիս ասել, որ ժյուրին շատ օբյեկտիվ էր: Ցավոք, կան մարդիկ, որ չանցան որակավորումները: Բացի այդ, որակավորում են անցել թատրոնի նվագախումբն ու երգչախումբը: Հույս ունեմ, որ պրոֆեսիոնալ թիմ է ձևավորվել, որովհետև ինձ համար պրոֆեսիոնալիզմն առաջնահերթ խնդիր է: Մեր թատրոնում միշտ էլ եղել են պրոֆեսիոնալ մարդիկ»,-փաստեց թատրոնի տնօրենը:

Անդրանիկ Արզումանյանի հավաստմամբ, թատրոնը մոտակա ժամանակներս շատ նախագծեր կիրականացնի: Այժմ բալետային խումբը պատրաստվում է Սանկտ Պետերբուրգում, ապա՝ Քաթարում անցկացվելիք հյուրախաղերին:

«Բացի այդ, սեպտեմբերի 1-ին թատրոնը Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի պրեմիերայով հանդես կգա Շուշիում: Հետո, բնականաբար, այն կներկայացվի նաև մեր բեմում: Շատ այլ ծրագրեր ունենք: Նախատեսում ենք ներկայացնել «Կարմեն» օպերայի պրեմիերան, անպայման կունենանք մանկական ներկայացումներ: Հույս ունենք նաև արտերկրից հրավիրել արտիստների՝ այստեղ աշխատելու համար»,-նշեց Արզումանյանը:

Նորանշանակ տնօրենը կարևորում է նաև միջազգային համագործակցությունը: «Մենք սերտ կապեր ենք հաստատում Մոսկվայի Մեծ թատրոնի, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ- Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ: Մի քանի նախագիծ ունենք նաև եվրոպական թատրոնների հետ: Ցավոք, ֆինանսական խնդիրներ ունենք, սակայն, եթե աշխատենք մի թիմի պես, հաջողության կհասնենք»,-եզրափակեց Անդրանիկ Արզումանյանը:

Ռոզա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am