Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Տրանսիլվանիան վերագտնում է հայկական շունչը. բացառիկ զրույց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ

Տրանսիլվանիան վերագտնում է հայկական շունչը. բացառիկ զրույց  Ռումինիայում 
Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսիլվանիայի Գեռլա` պատմական Արմենոպոլիս քաղաքում անցյալ շաբաթվա վերջին մեծ շուքով նշեցին Հայոց Սրբ Գրիգոր Լուսավորչի ավանդական տոնը, որը ուղիղ հեռարձակվեց ռումինական հեռուստատեսությամբ, իսկ նահանգային կենտրոն Կլուժ քաղաքի համալսարանում բացվեց Հայագիտության ինստիտուտը: Այս իրադարձությունները, սակայն, կարծես աննկատ անցան Հայաստանում: Ուստի լրացնելու համար այց բացը «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ:

- Պարոն դեսպան, անցյալ շաբաթվա վերջին Տրանսիլվանիան կարծես հայկական գույներ էր հագել, հայկական շունչն զգացվում էր ամենուր: Խնդրեմ, մի քանի խոսքով պատմեք այդ մասին:

- Իսկապես, ամեն տարի այս ժամանակ Գեռլայում` պատմական Արմենոպոլիսում, տեղի են ունենում հայկական միջոցառումներ, որոնք համընկնում են Հայոց Սրբ Գրիգոր Լուսավորչի տոնին: Գեռլայի հայերն ավանդաբար այդ տոնը նշում են մեծ շուքով, որին մասնակցում են ինչպես ողջ Ռումինիայի, այլեւ շրջակա երկրների, մասնավորապես Հունգարիայի հայերը, որոնց մի մասը ծագումով այդ կողմերից են: Գիտեք, որ Գեռլան հիմնվել է Մոլդովայից 17-րդ դարի վերջում այդտեղ գաղթած հայերի կողմից եւ անվանվել Արմենոպոլիս: Եվ ահա անցյալ տարի Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն (Marius Sabo) հանդես եկավ Հայկական ավանդական հոգեւոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ` նպատակ ունենալով տեղի հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության միջոցով խթանել տուրիզմը եւ միջազգային համագործակցությունը:

Եվ իսկապես, արդեն երկրորդ տարին է քաղաքի օրը վերածվել է միջազգային փառատոնի, որին մասնակցում են Շվեյցարիայի Նանդա/Nendaz, Ֆրանսիայի Իզոր/Yzeure, Գերմանիայի Ֆորկհայմ/Forchheim, Լեհաստանի Դալեշիցե/Daleszyce քույր քաղաքների պատվիրակությունները:

- Իսկ որո՞նք էին հիմնական միջոցառումները եւ ինչպիսի՞ն էր հայերի ներգրավվածությունը:

- Ինչպես ասացի, հիմնական միջոցառումը բուն Սրբ Գրիգոր Լուսավորչի տոնն էր, որի առիթով ավանդաբար Գեռլայի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդության տաճարում մատուցվում է տոնական պատարագ` հայկական ծեսով, որին հետեւում է մեծ ճաշկերույթ տեղի հայկական ավանդական ուտեստներով` հուռութ եւ ականջապուր, որոնք շատ հայտնի են տեղական բնակչության մեջ: Ի դեպ, Տրանսիլվանիայի հայերն իրենց համարում են հին անեցիների շառավիղներ, իսկ այդ կերակրատեսակները` բերված միջնադարյան Անիից: Անգամ ճաշկերույթը տրվում է հատուկ մի տեղ` իրար միջանցիկ միացած յոթ նկուղային սրահներում, որը խորհրդավոր բնույթ է տալիս դրան: Մի այլ ավանդական ծես էլ Կարմիր թիկնոցավոր ուխտի ներկայությունն է պատարագին, որ միջնադարից ի վեր կարծես պահապան են մեր սրբություններին:

Հայկական ծրագրի շրջանակներում քաղաքի նորաբաց կինոդահլիճում տեղի ունեցավ նաեւ Գեռլա-Արմենոպոլիսի մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսը (ռեժ.Ֆլորին Գեւորգյան/Florin Kevorkian), 19-րդ դարի նշանավոր հայազգի հունգարագիր պատմաբան Կրիստոֆ Սոնգոտի/Kristof Szongott «Մենագրություն. Թագավորական ազատ քաղաք Գեռլայի մասին» հերթական հատորի ռումիներեն թարգմանության թողարկումը, Հայոց Միության սրահներում բացվեցին Տրանսիլվանիայի հայկական ժառանգության մասին պատմող տպագիր նյութերի, լուսանկարների եւ այլ իրերի ցուցադրություններ:

Հայկական գեղարվեստական ծրագիրն ամփոփեց ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը/Harry Tavitian, որը հուլիսի 5-ի երեկոյան Հայոց տաճարում հանդես եկավ հայ հին հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտության գոհարների ջազային վարպետ մեկնաբանություններով:

Հաշվի առնելով տեղի հայերի համբավը եւ հանրային հետաքրքրությունը` հայկական պատարագն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվեց ռումինական TVR3, TVR-Cluj եւ TVR Plus հեռուստակայաններով, որից հետո TVR3-ն շարունակեց ուղիղ եթերը Հայոց Տաճարի բակից` իմ, Հարրի Դավիդյանի, Բուխարեստի Ararat հրատարակչության տնօրեն Սիրուն Թերզյանի/Sirun Terzian եւ Գեռլայի Հայոց թանգարան ընկերության տնօրեն Միրչա Թիվադարի/Mircea Tivadar մասնակցությամբ, որի ընթացքում մեկ ժամ զրուցեցինք ռումինահայ ժառանգության, հայության խնդիրների, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շուրջ։ Հաղորդավար Կարեն Շեբեշը/Karen Sebesi հայկական Արմենոպոլիսի անցյալի եւ ներկայի մասին հարցումներ ուղղեց նաեւ քաղաքապետ Մարիուս Սաբոյին ու Տրանսիլվանիայի Հայոց Միության նախագահ Իոն Էստեգարին/Ioan Esztegar: Այս հաղորդումն ամբողջությամբ կրկնվեց հաջորդ օրը երեկոյան:

- Իսկ ի՞նչ առնչություն ունի Հայաստանի դեսպանությունը եւ առհասարակ Հայաստանը այս միջոցառումներին:

-Անմիջական: Նախ ասեմ, որ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման եւ տեղի հայ համայնքի ինքնապահպանման ջանքերը խրախուսելու նպատակով մեր նախաձեռնությամբ 2012թ. Գեռլայի եւ Իջեւանի միջեւ ստորագրվել է եղբայրացման համաձայնագիր: Ի դեպ, ոչ միայն Գեռլայի, այլեւ «հայկական կենսագրությամբ» եւս վեց այլ քաղաքների հետ, եւ եւս հինգի հետ պատրաստվում են նորերը:

Հատկապես Գեռլա-Արմենոպոլիսը մենք ցանկանում ենք դարձնել «հայկական ժամադրավայր»: Եվ ես ուրախ եմ, որ այդ հարցում համամիտ ենք քաղաքապետ Մարիուս Սաբոյի եւ Ռումինահայոց միության հետ: Մարիուս Սաբոն Արմենոպոլիսն արդեն պաշտոնապես գրանցել է որպես բրենդ: Այդ անունն արդեն հնչում է եւ գրավում: Այս իմաստով ողջ Տրանսիլվանիան կարող է տուրիստական հետաքրքրություն ներկայացնել աշխարհի հայերի համար, ուր մինչեւ այսօր կանգուն են հայկական այլ քաղաքներ` Դումբրավենը, Գեորգենը, Ֆրումոասան, իրենց պատմական հարուստ ժառանգությամբ: Բայց ոչ միայն Տրանսիլվանիան: Հայկական հին ավանդույթներ կան նաեւ հյուսիսային Ռումինիայում` պատմական Մոլդովայի շրջանում: Օրինակ, հին մայրաքաղաք Սուչավայի մերձակա հայկական Հաճկատար վանքում ամեն տարի օգոստոսի կեսին նշվում է Սուրբ Աստվածածնի տոնը, որը տեղացիների եւ աշխարհի հայերի համար վերածվում է ուխտագնացության: Այնտեղ այսօր կանգուն են երկու հայկական վանք եւ երեք եկեղեցի: Քիչ ներքեւ Բոտոշանն է` իր 1350թ. հայկական եկեղեցիով, այնուհետեւ Յաշը, Ռոմանը եւ այլն: Ինքը` մայրաքաղաք Բուխարեստը լի է «հայկական հետքերով»: Կարծում եմ, որ սրանք դեռեւս լիովին չբացահայտված տուրիստական երթուղիներ են, եւ ես կուզենայի, որ այդ վայրերը տեղ գտնեին Հայաստանի եւ այլ երկրների տուր-օպերատորների ծրագրերում: Այցելելով Ռումինիա` դա կարող է տեղացիների մեջ փոխադարձ տուրիստական հետաքրքրություն առաջացնել Հայաստանի նկատմամբ, ինչը մեր ցանկությունն է:

Բայց մենք միայն դրանով չենք սահմանափակվում: Մենք զբաղվում ենք հայկական հարուստ եւ բացառիկ ժառանգության վերհանման, ուսումնասիրության եւ հանրային շրջանառության մեջ դնելու գործով: Այդ նպատակով Հայաստանի եւ Ռումինիայի մշակույթի նախարարությունների համագործակցությամբ անցյալ տարի հոկտեմբերի վերջին Բուխարեստում կազմակերպեցինք Ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով: Պատրաստվում ենք մյուս տարի Բուխարեստում կազմակերպել մեծ ցուցահանդես: Պետք է ասել, որ հայերի նկատմամբ հետաքրքրությունը Ռումինիայում միշտ է եղել եւ այսօր էլ շարունակվում է: Դրա արտահայտություններից կարելի է համարել 2012թ. Ռումինական Ակադեմիայի կողմից ռումինահայ մեծ պատմաբան, արեւելագետ եւ հայագետ Հակոբ Սիրունուն, մահվանից 40 տարի անց, Ակադեմիայի հետմահու անդամի կոչում շնորհելը: Ի դեպ, այսօր էլ գրվում եւ հրատարակվում են հարյուրավոր գիտական եւ պատմական ուսումնասիրություններ հայերի պատմական ներկայության մասին, հիմնականում ռումիներեն եւ հունգարերեն, որոնք, ցավոք, առայժմ հասանելի չեն Հայաստանի գիտական շրջանակներին:

Ռումինիայում հայագիտության ավանդույթների վերականգնման գաղափարը մեր կողմից առաջարկվել էր 2-3 տարի առաջ, կրթության նախարար Ա. Աշոտյանի եւ ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի այցերի ընթացքում, եւ որպես առաջին քայլ այդ նպատակով Բուխարեստի համալսարանում վերսկսվել են հայոց լեզվի դասընթացները, այս տարի Բուխարեստի համալսարանում հրատարակել է Հայոց լեզվի դասագիրք: Այդ ընթացքում զուգահեռաբար Տրանսիլվանիայի գիտակրթական շրջանակներում հասունացավ տեղում հայագիտական կենտրոն հիմնելու գաղափարը, որը կոնկրետացավ Ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված Բուխարեստի միջազգային գիտաժողովի նախապատրաստման շրջանում, ուր Տրանսիլվանիայի մի խումբ գիտնականներ հանդես եկան զեկուցումներով:

Եւ ահա այս տարվա սկզբին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանի/University of Babes-Bolyai Սենատի որոշմամբ հիմնվեց Հայագիտության ինստիտուտ ակադեմիական ուղղվածությամբ: Հայագիտության ինստիտուտի նախաձեռնողը եւ ղեկավարն է դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչը/Lucian Nastasa-Kovacs, որն իր շուրջն է համախմբել մի քանի երիտասարդ գիտաշխատողների:

- Ի՞նչ է նշանակում դա եւ ինչո՞վ է զբաղվելու այդ ինստիտուտը:

- Սա շատ կարեւոր իրադարձություն է գիտական եւ քաղաքական առումով: Նախ որ Տրանսիլվանիայի եւ ողջ Ռումինիայի հայերի անցյալը եւ ժառանգությունը մաս է կազմում հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի, այնուհետեւ որ մշակութային բազմազանության եւ երկխոսության միջոցով մենք առավել մոտ ու հասկանալի ենք դառնում Եվրոպային: Բաբեշ-Բոյայ համալսարանը համարվում է Ռումինիայի ամենամեծ բուհը եւ համաշխարհային սանդղակում տեղ է գտել առաջին 100-յակի մեջ: Համալսարանի կառուցվածքի մեջ են մտնում 10 ինստիտուտներ, որոնց թվում՝ Եվրոպական ուսումնասիրությունների, էկլեզիաստիկ/եկեղեցական պատմության, միջմշակութային եւ բազմամշակութային ուսումնասիրությունների, միջդիսցիպլինար փորձագիտական ուսումնասիրությունների, թուրքական եւ կենտրոնասիական ուսումնասիրությունների, տեխնոլոգիայի, հոգեբանության եւ հոգեբուժության, դիդակտիկ ուսումնասիրությունների, եւ այս տարեսկզբից` հայագիտության:

Մնում է, որ մենք առավել հետաքրքրություն ցուցաբերենք եւ համագործակցենք այս կարեւոր գիտակրթական հաստատության հետ, առավել եւս, որ ըստ դոկտ. Լուչիան Նաստասե-Կովաչի, ինստիտուտի առաքելությունը ոչ միայն Տրանսիլվանիայի եւ ամբողջ Ռումինիայի հայագիտական հարուստ նյութերի ուսումնասիրությունն է, այլեւ հայոց պատմության հարցերով գիտական կապեր զարգացնել Հունգարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի եւ բալկանյան այլ երկրների հետ` այդպիսով հավակնելով դառնալ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հայագիտության կենտրոնը:

Այս հարցերի շուրջ հուլիսի 4-ին ես առիթ ունեցա զրուցելու համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի/Ioan-Aurel Pop հետ, որը միանգամայն դրական տրամադրվածությամբ պատրաստակամություն հայտնեց հայագիտության, ինչպես նաեւ կրթական եւ գիտական այլ ծրագրերի շուրջ համագործակցություն հաստատել Հայաստանի հետ:

Այս առումով ցանկալի կլիներ, որ մենք զբաղվեինք պատմաբանասիրության գծով երիտասարդ գիտական կադրեր պատրաստելու հարցով, որոնք կարող են իրենց ուսումը կատարելագործել ռումինական բուհերում, մասնավորապես Բուխարեստի եւ Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարաններում` տիրապետելով ռումիներենին եւ հունգարերեին եւ հետազոտելով տեղի բացառիկ հարուստ հայկական նյութերը: Կարծում եմ, որ դա երիտասարդների համար կապահովեր հաջողակ գիտական կարիերա, իսկ հայագիտությունը կլրացնի նոր ու չբացահայտված էջերով:

- Պարոն դեսպան, թեեւ այս ամենի մասին «Արմենպրես»-ը պարբերաբար տեղեկացնում է մեր հասարակությանը, սակայն մեծ մասով «հայկական» Ռումինիան անծանոթ է մնում Հայաստանում:

- Իսկապես ես շնորհակալ եմ «Արմենպրես»-ին, «Ազգին», «Հայաստանի Հանրապետությանը» եւ մյուս լրատվամիջոցներին, որոնք հաճախակի անդրադառնում են ռումինահայ կյանքին: Վերջերս «Շանթ» հեռուստատեսությունը Արտեմ Երկանյանի հեղինակությամբ շարք պատրաստեց նշանավոր ռումինահայերի մասին: Սակայն ճիշտ եք, որ այս կարեւոր իրադարձությունները քիչ տեղ են գտնում հայկական հեռուստաեթերում, հետեւաբար Հայաստանի բնակչության զգալի մասը անհաղորդ է մնում դրանց: Պատճառը պարզ է, այստեղ մեր հեռուստատեսությունները թղթակցական կետ չունեն, իսկ զուտ գրավոր նյութերը գործնականում նրանց չեն հետաքրքրում: Մյուս կողմից, ռումինական լրատվամիջոցները մշտապես անդրադառնում են հայկական թեմաներին, որը նույնպես շատ կարեւոր է: Հույս ունենանք, որ համագործակցաբար այս բացը հետագայում կլրացնենք: Իսկապես, Հայաստանի բնակչությունը եւ մեր ողջ ժողովուրդը իրավունք ունի իմանալու իր պատմության անհայտ կամ քիչ հայտնի էջերի մասին, մանավանդ երբ դրանք հարստացնում են նրա գիտելիքները նպաստում հայկական ինքնության ամբողջացմանը:

-Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am