Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՏՀԶԿ-ն առաջարկություններ է մշակել Հայաստանի ագրոբիզնեսի և շինարարության ոլորտի միջազգայնացման համար

ՏՀԶԿ-ն առաջարկություններ է մշակել Հայաստանի ագրոբիզնեսի և շինարարության 
ոլորտի միջազգայնացման համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐԵՄՆՊՐԵՍ: Հայաստանի ագրոբիզնեսի և շինարարական արդյունաբերության ոլորտներում փոքր և միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու նպատակով  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն (ՏՀԶԿ)  առաջարկում է իրականացնել ոլորտների միջազգայնացման ծրագրեր:  Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՏՀԶԿ -ի մշակած առաջարկությունները նոյեմբերին կներկայացվեն կազմակերպության տարեկան նիստին, և, հավանության արժանանալուց հետո, կսկսվի դրանց իրականացման փուլը: «Այս ծրագիրն ուղղված է տնտեսության մրցունակության բարձրացմանը և ոլորտային բարեփոխումներին: Ծրագրի շրջանակում ընտրվել են երկու ոլորտ` ագրոբիզնես և շինանյութերի արդյունաբերություն, որոնց զարգացման համար կազմակերպությունը նախնական առաջարկություններ է ներկայացրել: Արդեն իսկ անցկացվել է առաջարկությունների քննարկման առաջին փուլը, իսկ դրանց վերջնական հստակեցումը նախատեսվում է տարեվերջին սպասվող նիստի ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց  Մելքոնյանը:

ՏՀԶԿ -ի «Եվրասիա մրցունակության ծրագրի» ղեկավար Անտոնիո Սոման նշեց, որ ագրոբիզնեսով զբաղվող ՓՄՁ-ների միջազգայնացման մասով առաջարկվել է ընդլայնել տնտեսավարողների գիտելիքները միջազգային շուկաների և որակական պահանջների մասով, օպտիմալացնել առևտրային ենթակառուցվածքներն ու արտահանման համար օժանդակություն ցուցաբերել տնտեսավարողներին: «Իսկ շինարարության ոլորտի զարգացման համար առաջարկում ենք կատարելագործել էներգաարդյունավետության պահանջների կիրառման կանոնակարգերը, կարգավորել շինարարության թույլտվությունների ձեռքբերման ընթացակարգերը, խթանել օտարերկրյա ուղղակի ներդրումները, որոնց թվում` նաև սփյուռքի ներդրումները»,- ասաց Սոման:

Տնտեսության մրցունակության բարձրացման ՏՀԶԿ -ի ծրագիրը հովանավորվում է նաև Եվրամիության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանի խոսքով, ՓՄՁ-ների զարգացումը կարևոր գործոն է բաց հասարակության համար և նպաստում է կենտրոնացված տնտեսությունից դիվերսիֆիկացված տնտեսության անցմանը: «Հայաստանում աշխատաշուկայի գրեթե 40 տոկոսը ապահովում են հենց փոքր և միջին ձեռնարկությունները: Մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այս փաստի վրա, որպեսզի աշխատատեղերի ստեղծման համար խթանվի նաև ՓՄՁ-ների զարգացումը»,-ասաց նա:

 Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչ Մարիամ Բաբայանը ևս ողջունեց այս նախաձեռնությունը և նշեց, որ բերված առաջարկները համապատասխանում են նաև իրենց ընկերության ծրագրային քաղաքականությանը:

2014 թվականի նոյեմբերին տեղի կունենա համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)  «Եվրասիա մրցունակության ծրագրի» երկրորդ կլոր սեղանը, որի ժամանակ կամփոփվեն իրականացված հետազոտությունները և կներկայացվի վերջնական զեկույցը: Կլոր սեղանին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am