Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանը հնարավորություն ունի գրավելու զբոսաշրջային մեծ շուկաներ

Հայաստանը հնարավորություն ունի գրավելու զբոսաշրջային մեծ շուկաներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության բնագավառը Հայաստանում գերակա ուղղություն է: «Արմենպրես»-ը ոլորտում առկա խնդիրների, զարգացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ զրուցել է Հայաստանի վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանի հետ, ով ներկայացրել է այս բնագավառի հետ կապված հետաքրքիր վերլուծություններ և ծրագրեր:

-Պարոն Կարապետյան, մի քանի տարի է արձանագրում ենք, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո էլ տուրիզմի ոլորտում Հայաստանում աճ է արձանգրվում: Ոլորտը մեր երկրում հայտարարվել է գերակա ուղղություն և առաջին հայացքից թվում է, թե ոլորտում ամեն ինչ լավ է: Արդյոք դա իրականում այդպես է:

-Ճիշտ է, որ զբոսաշրջության ոլորտն աճ է արձանագրում` անկախ ճգնաժամից: Կարելի է ասել, որ զբոսաշրջային հիմնական շուկաներում, որոնք ներառում են եվրոպական երկրները, թե ներգնա, թե արտագնա տուրիզմի առումով անգամ ճգնաժամի տարիներին զբոսաշրջությունը եղել է գրեթե միակ ոլորտը, որ աճ է գրանցել: Նույն իրավիճակը նկատվել է Հայաստանում: Զբոսաշրջության աճը կապված չէ ճգնաժամի հետ, քանի որ մարդու ճանապարհորդելու, տեղեկություն հավաքելու, նորի հետ ծանոթանալու պահանջին ճգնաժամը քիչ է խոչընդոտում: Իրականության մեջ հնարավոր է պատկերացնել մի իրավիճակ, որտեղ մարդն ավելի ուշադիր կլինի իր ճանապարհորդության գնի նկատմամբ, բայց ոչ ճանապարհորդելու հարցի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք ունենք զբոսաշրջիկների թվի շարունակական աճ, սակայն զբոսաշրջիկը Հայաստանի պարագայում յուրահատուկ գաղափար է, որովհետև մենք ունենք սփյուռք, որը գալիս է Հայաստան ու թելադրում պայմաններ, որոնք ի վերջո տարածվում են մյուս զբոսաշրջիկների վրա:

- Ի՞նչ անելիքներ կան և զբոսաշրջային ո՞ր շուկայում Հայաստանն իրեն կարող է դրսևորել:

-Դա հայկական կրոնական զբոսաշրջությունն է, որն, իմ կարծիքով, Հայաստանը ձևավորել է որպես զբոսաշրջության վայր, որն իր բնութագրով նշանակում է ինտեգրացված ենթակառուցվածքով և ծառայություններով ռեսուրս: Մենք ունենք բավականին հակասող թվեր՝ հավաքված նախարարությունների կողմից, բայց այս պարագայում ցանկանում եմ նայել սահմանը հատած օտարերկրյա քաղաքացիների թիվը, որը 2013 թվականին եղել է 1 միլիոն 024 հազար 266: Նույն թվականին՝ հյուրանոցների տրամադրած տվյալներով, մեր երկրի հյուրանոցներ է այցելել 148 հազար 730 մարդ: Օտարերկրյա քաղաքացիների մոտավորապես 14-15 տոկոսը կացարան է գտել հյուրանոցներում: Մենք ունենք նաև հյուրանոցատիպ այլ հանգրվաններ, որտեղ հնարավոր է հաշվետվություն չի կատարվում:

Ամեն դեպքում, ունենք մեծաքանակ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ուխտանգնացության են գալիս Հայաստան և արտերկրում ունենք Հայաստանի քաղաքացիներ, ովքեր նույնպես գալիս են հայրենիք: Մոտավորապես, նշված մեկ միլիոն օտարերկրյա քաղաքացիների կիսից ավելին անցել է Հայաստանի հյուսիսային սահմաններով, մոտ 400 հազարը՝ «Զվարթնոց» օդանավակայանով, իսկ մնացած մասը` մոտ 100 հազարն էլ եկել է Հայաստանի հարավային սահմանից: Այստեղից եկածներից գրեթե բոլորն Իրանի քաղաքացիներ են, հյուսիսային սահմանները հատածները՝ մեծամասնությամբ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիներ, «Զվարթնոց»-ով եկած 400 հազարի մեծամասնությունը ՌԴ քաղաքացի է: 2013 թվականի 148 հազար 730 անձանցից, որոնք գիշերել են հյուրանոցում, 23 տոկոսը ՌԴ, 12 տոկոսն ԱՄՆ-ի քաղաքացի, որոնց հաջորդում են Ֆրանսիան և Իտալիան: Իտալիայի պարագայում կարող ենք տեսնել մի շատ հետաքրքիր միտում, որն արտացոլվում է նաև նախորդ տարիների տվյալներում: Գնալով աճում է այդ երկրից ժամանող զբոսաշրջիկների թիվը: 2010 թվականին Իտալիան մեր երկիր զբոսարջիկների այցերի թվով գտնվում էր 8-րդ տեղում, 2013-ին հայտնվել է երկրորդ տեղում: 2011-2013 թվականներին Իտալիայում կայացան Հայաստանի մշակույթին վերաբերող մի շարք միջոցառումներ, որոնք դարձան զբոսաշրջիկների ներգրավման խթանող մեծ ուժ: Այդ առումով, Իտալիան մեր երկրի զբոսաշրջության ոլորտի համար շատ կարևոր շուկա է դարձել:

-Ինչպիսի՞ն է Հայաստանի զբոսաշրջային այսօրվա համակարգը

-Գրեթե 100 տոկոս դեպքերում ունենք հետևյալ պատկերը. զբոսաշրջիկը գալիս է Երևան անկախ նրանից, թե որ սահմանն է հատել, այստեղ վերցնում հյուրանոցային համար կամ այլ կացարան և կատարում կարճ այցեր՝ դեպի մարզային ռեսուրսներ, որոնք մեր երկիր գալու հիմնական գրավչությունն են ապահովում: Սա հանգեցրեց մի իրավիճակի, երբ մարզային և մայրաքաղաքի հյուրանոցային զբաղվածության կապը կտրվեց: Մայրաքաղաքի հյուրանոցներում կեցություն գտած մարդկանց թիվն ավելանում է, մարզերում նվազում: Ի՞նչ հետևանքներ ունի սա: Դա կարող ենք տեսնել աշխատատեղերի, սննդի օբյեկտների, հյուրանոցների բաշխման և այլ գործոնների մեջ, որոնք առնչություն ունեն զբոսաշրջության ոլորտի հետ: Ունենք գրեթե բոլոր ծառայությունների ծայրահեղ կենտրոնացում Երևանում, և հակառակ այս իրավիճակի, բոլոր վայրերը, որոնք գրավում են զբոսաշրջիկին՝ գտնվում են մարզերում:  Երևանում նկատվում է աշխատանքի պահանջարկի մեծ գրավական, ինչը դատարկում է մարզերում աշխատատեղեր ստեղծելու ներուժը: Սա Հայաստանի զբոսաշրջային համակարգում կարող է բերել խցանման: Եթե հաշվի առնենք նաև սեզոնայնությունը, ապա 2012-ին ունեինք մայրաքաղաքի հյուրանոցների զբաղվածության 65 տոկոս, 2013-ին այդ թիվը կազմել է 70 տոկոս: Հաշվի առնելով մեր զբոսաշրջության սեզոնայնությունը, ապա տարվա մեջ ամիսներ կան, որ հյուրանոցները դատարկ են լինելում: Սա նշանակում է, որ զբոսաշրջության բարձր սեզոնին մեր հյուրանոցներն ապահովում են գրեթե ամբողջական զբաղվածություն:

- Խոսեցինք, որ այսօր Հայաստանի զբոսարշրջային հիմնական գրավչությունը գտնվում է մարզերում, սակայն զբոսաշրջիկները նախընտրում են գիշերել Երևանում: Զբոսաշրջիկները նախընտրում են կարճ ժամանակով գնալ մարզեր և ետ գալ, ինչն է մարզերում ենթակառուցվածքների՝ հյուրանոցների, ժամանցի վայրերի, այդ ուղղությամբ ներդրումների բացակայության պատճառը:

-Հիմնական խնդիրը հյուրանոցների բացակայությունն է: Բացի այդ, պատկերացրեք, զբոսաշրջիկը գնաց Գորիս, որն ունի մի քանի որակյալ հյուրանոց, մնաց մեկ գիշեր, հաջորդ առավոտյան այցելեց Տաթև, շրջեց Գորիսով…դրանից հետո զբոսաշրջիկն այլևս անելու ոչինչ չունի: Ոչ թե որովհետև անելու բան չկա, այլ որովհետև պակասում է առաջարկը: Սյունիքի մարզում ունենք 430 նախաքրիստոնեական հուշարձան, 20 բնակատեղի, 50 ամրոց, 10 աշտարակ, 100 դանբարանադաշտ, մոտ 250 քարայր-կացարան: Հայաստանի այսօրվա նախաքրիստոնեական, քրիստոնեական, պատմամշակութային ռեսուրսներն իրենց խտության և որակի իմաստով աշխարհում եզակի են: Սա հսկայական հարստություն է, որը մեծ ներուժ ունի:  

-Դուք նշեցիք հիմնական խնդիրները: Ի՞նչ է դրանց լուծման համար առաջարկում Կառավարությունը:

-Նախ, հարկավոր է բաժանել իրավասությունները: Պետությունը երկու դեր կարող է ունենալ, մանավանդ ժամանակակից տնտեսական համակարգի մեջ: Պետությունը նախ և առաջ հիմնական դեր պետք է ունենա համակարգման գործընթացում: Այսօրվա ներուժի պայմաններում, եթե զբոսաշրջիկը ողջ 7 օրը մնում է Երևանում, դա նշանակում է՝ Երևանում եղած հյուրանոցների տեղերը 7 օր զբաղեցվում են միեւնույն զբոսաշրջիկների կողմից: Եթե զբոսաշրջիկը մնում է մեկ օր Երևանում, մեկ օր Գորիսում, և այդպես շարունակ՝ Ստեփանակերտում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և այլն, դա նշանակում է, որ մենք 7 անգամ ավելացնում ենք եղած հյուրանոցների տեղերը: Նշանակում է, որ 7 անգամ կարող ենք ավելացնել մարդկանց քանակը, որոնք կարող են գալ Երևան:

Այս իմաստով, շատ կարևոր է այն քաղաքականությունը, որն այժմ առաջ է գնում ավիափոխադրումների ոլորտում: «Բաց երկնքի» քաղաքականությունը որոշակի արդյունք է տալիս. ավելանում է թռիչքների քանակը  և նվազում են գները: Սակայն եթե մենք մնանք զբոսաշրջային ներկա համակարգի մեջ՝ թռիչքների քանակի ավելանալը մեծ արդյունք կտա միայն այն դեպքում, եթե ավելանա մեր հյուրանոցների ներուժը: Պետությունն ունի նաև այլ ֆունկցիա՝ հուշարձանների պահպանության և ենթակառուցվածքի զարգացման առումով:

Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա այն ամբողջովին մասնավորինն է: Հյուրանոցները, գրավչությունները մասնավոր ոլորտն է ստեղծում, զարգացնում, պահպանում: Այս իմաստով էլ պետության դերը մնում է համակարգելն ու աջակցելը:

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում համակարգելու և զարգացնելու ենթակառուցվածքները, վստահ եմ, որ թե տեղացի և թե արտասահմանյան ներդրողները մեծ հնարավորություններ կտեսնեն ու առաջ կգնան ներդրումների մեջ՝ զարգացնելով Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, որովհետև աճելու հնարավորություններն ակնհայտ են:

-Որո՞նք ենք դրանք և ինչպիսի՞ շուկաներ կարող է մեր երկրի զբոսաշրջությունը գրավել:

 -Մենք պետք է հաշվի առնենք մի բան, ցավոք սրտի, իհարկե աշխարհի համար, դասական զբոսաշրջության վայրերն այսօր ավելի անհասանելի են դառնում հիմնականում եվրոպական և ասիական երկրների ներկայացուցիչների համար՝ մեծ և միջին ծախս անող զբոսաշրջիկների համար: Դա հիմնականում Միջերկրական ծովի ափերի պետություններն են, որտեղով քրիստոնեությունն է անցել և թողել հետքեր: Այսօր խնդիրներ ունի Եգիպտոսը, Սիրիան, Իսրայելը, որը քրիստոնյաների համար հիմնական ուխտագնացության վայրն է: Բացի այն, որ վերջինս ունի անվտանգության խնդիրներ, ունի նաև հագեցվածության խնդիր: Նույնը մյուս երկրներն են:

Հայաստանը մեծ հնարավորություն ունի գրավելու զբոսաշրջության շուկաները: Այդ հնարավորությունից մենք օգտվում ենք, իհարկե ոչ ամբողջությամբ, բայց քայլ առ քայլ գնում ենք դա լրացնելու ուղղությամբ: Կրկնում եմ, առաջիկա հինգ տարիներին լավ հնարավորություն ունենք ավելացնելու զբոսաշրջիկների թիվը, աշխատատեղերը և ծառայությունների միավորները: Բացի այդ, հնարավորություն ունենք իրականացնել երկու ծրագիր, առաջին՝ Սևանա լճի շուրջ հեծանվային զբոսաշրջության զարգացումն է, երկրորդը՝ էկո զբոսաշրջության զարգացումը: Այդ նպատակով, մոտակա մի քանի ամսվա ընթացքում կկատարվեն այցեր դեպի մարզեր, կստեղծվեն քարտեզներ, ուղեցույցներ, տեղեկություններ և կսկսենք գովազդել այդ ուղղությունները: Դա նշանակում է զբոսաշրջություն, որտեղ հնարավորին չափ քիչ կօգտվեն ճանապարհային տրանսպորտից և հնարավորին չափ շատ՝ քայլելու և հեծանիվ վարելու հնարավորությունից: Այդ առումով, բոլոր մարզերն ունեն զարգանալու հնարավորություն: Կզարգանան թե մարզային զբոսաշրջության համակարգերը, թե շրջանային համակարգերը՝ միմյանց ինտեգրելով յուրաքանչյուր մարզի ներուժը:

-Ինչպիսի՞ն է վիճակը որպես զբոսաշրջային երկիր Հայաստանն արտերկրում ներկայացնելու առումով: 

-Մենք պետք է հաշվի առնենք մեկ գործոն: Զբոսաշրջության համար մեծ կարևորություն ունի ոչ միայն գովազդը, հյուրանոցը կամ ծառայությունն ընդհանրապես, այլ նաև տվյալ զբոսաշրջիկի հետ կապված իրականության բոլոր փուլերը: Ցանկացած զբոսաշրջիկի փորձառությունը կարող ենք բաժանել հինգ փուլի: Ճանապարհորդելու ցանկությունն զբոսաշրջիկի մոտ առաջանում է ըստ տարբեր գործոնների՝ գնի, գովազդի քանակի, հարևանի, որն իրեն պատմում է Հայաստանի մասին և այլն: Զբոսաշրջիկի ճանապարհորդությունը սկսում է ինչ-որ տեղեկություն ստանալուց և ավարտվում իր երկիր վերադառնալու ճանապարհին փոխադրողի ծառայությունների որակից: Շատ կարևոր գործոն է տաքսի ծառայությունը, որը ճիշտ է՝ գնի առումով այսօր Հայաստանում ձեռնտու է, բայց ունի որակական խնդիրներ: Պետությունը չի կարող միջամտել այդ ծառայության որակի ձևավորմանը, բայց ես համոզված եմ` Հայաստանում եւս կարելի է ներդնել Tourist Friendly գաղափարը:

Դա թույլ կտա ինչ-որ կերպ տարբերվել գնի իմաստով, բայց դա նաև կպարտադրի, որպեսզի ծառայությունը լինի որակյալ, զբոսաշրջիկի համար խնդիրներ չառաջացնի: Ունենք խնդիրներ նաև սպասարկման որակի հարցում, որոնք կարող են լուծվել զբոսաշրջային դպրոցների միջոցով: Իրականության մեջ, մենք ունենք զարգացած և դրական զբոսաշրջային համակարգ, ունենք դպրոցներ, համալսարանի համակարգում դասընթացներ և այլն: Բայց այսօր չունենք գործող համակարգ, որը թույլ է տալիս կրթական համակարգի և ծառայությունների ոլորտի աշխատողի համագործակցությունը: Դա էլ մի ոլորտ է, որտեղ համակարգելու կարիք կա և համոզված եմ, որ դա անելու ճանապարհներ կան:

Հայաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ գովազդի ամենակարևոր միջոցն է, որովհետև վերադառնալով տուն՝ պատմելու ցանկությունն օգտագործում է գովազդելու համար: Դա նշանակում է, որ շատ կարևոր է եկած զբոսաշրջիկի համար բարձր մակարդակի սպասարկում ապահովելը:

- Այդ առումով որո՞նք են բացթողումները:

-Մենք թվեր ունենք, եվրոպացի զբոսաշրջիկների մոտավորապես 40 տոկոսն իրենց հաջորդ զբոսաշրջային վայրն ընտրում են անձնական կապի միջոցով՝ հարևանի, ծանոթի, ընկերոջ պատմելուց ավելի հաճախ են որոշում ընդունում, քան այլ գործոնների, ինչպիսին գովազդն է և այլն: Մենք ունենք մեկ այլ մեծ բացթողում: Հայաստանի վերաբերյալ ուղեցույց գրեթե գոյություն չունի: Վերջերս Իտալիայում էի, Հռոմի երեք մեծ գրախանութներ այցելելուց հետո համոզվեցի դրանում: Հայաստանի վերաբերյալ տեղեկություն չկա: Հնարավոր է՝ Հայաստանի մասին մեծաքանակ գովազդ կա, բայց վերջին հաշվով տեղեկություն ստանալու հնարավորություն չկա: Դա էլ մի խնդիր է, որ պետք է մոտակա ժամանակում լուծվի:

-Եվ վերջին հարցը: Ի՞նչպես է մասնավորն արձագանքում  փոփոխություններին, որովհետև միայնակ պետությունը չի կարող ոլորտն առաջ մղել: Բիզնեսը Հայաստանում արձագանքո՞ւմ է, թե ոչ և ի՞նչ է պետք նրան՝ ավելի մեծ արձագանք տալու համար:

-Իրականության մեջ այո՝ արձագանքող է, սակայն նրան պետք է տեղեկություն: Զբոսաշրջության ոլորտի ամենակարևոր գործոնը տեղեկություն հավաքելու և տարածելու մեխանիզմն է: Մենք այսօր չունենք այդ մեխանիզմը: Տեղեկություն հավաքելու համար ուսումնասիրողները ստիպված են լինում աշխատել գրեթե բոլոր մարզերի, նախարարությունների, կոմիտեների հետ: Դա նշանակում է, որ չկա մի վայր, որտեղ զբոսաշրջության մասին ամբողջական տեղեկատվություն է հավաքվում, որտեղից կարող ես օգտվել, թե ես՝ որպես պետական մարմին, թե մասնավորը՝ որպես պոտենցիալ ներդրող:

Դժվար է պատկերացնել մի դեպք, երբ պատմելով Գորիսի զարգացման ներուժի մասին՝ հետաքրքրություն չառաջանա այնտեղ ներդրում կատարելու` ռեստորանի, հյուրանոցի կամ այլ ենթակառուցվածքի զարգացման գործում: Անձնական օրինակով` ամեն անգամ, երբ նշել եմ, որ Գորիսը պետք է զարգանա՝ գործարարը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ներդրում անելու: Մենք չունենք այսօր գործող այդ մեխանիզմը: Ընդհանրապես տնտեսության մեջ կարևոր փաստ է տեղեկություն տալը: Ես հիմա խոսում եմ ներքին գործարարի մասին, պատկերացրեք ինչ դժվար է արտաքին գործարարին տեղեկանալ, որ Գորիսը պատրաստվում է զարգանալ, տարեկան ունենալ 500 հազար զբոսաշրջիկ, դրա հիման վրա պատկերացնել հնարավոր ներդրումների ծավալը, այն ժամկետը, երբ ներդրածն իրեն պետք է վերադառնա, աճի տոկոսները և այլն: Այս տեղեկատվական համակարգի բացակայությունը հիմնական խոչընդոտն է ներդրումների ներգրավման գործում: Սակայն աշխատանքներ այս ուղղությամբ համոզված եմ՝ կկատարվեն:

 -Շնորհակալություն:        

Հարցազրույցը` Արմեն Խաչատրյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am