Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Երևանում բացվեց լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշատախտակը

Երևանում բացվեց լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշատախտակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ ականավոր հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացվեց նաև հուշատախտակով, որը տեղադրվեց մայիսի 17-ին   Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 2-րդ մասնաշենքում:  Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  Գևորգ Վարդանյանի կինը, ով ԵՊԼՀ շրջանավարտ է, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը նշել է, որ պետք է հիշել և մեծարել և մի մարդու հիշատակի առջև, ով իր գործունեությամբ, իր կյանքով ողջ մարդկությանը պարգևեց պայծառ ու խաղաղ երկինք: «Մենք շատ մեծ հպարտությամբ ենք փաստում, որ այս լեգենդար զույգը ուսանել է մեր համալսարանում, և շատ շնորհակալ եմ Գոհար Լևոնովնային, ով համաձայնեց մեր համալսարանի պատին անմահացնել մեծ հետախույզի անունը»,- պատմեց Գասպարյանը: Նրա գնահատմամբ` հայրենիքը ոչ միայն պետք է սիրել, ոչ միայն հպարտանալ նրանով, այլև պահպանել և պաշտպանել այն:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, ԵՊՀԼ շրջանավարտների միության նախագահ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ նշեց, որ  յուրաքանչյուր ազգ կարող է պարծենալ այնպիսի զավակներով, ինչպիսիք են Գևորգ  և Գոհար Վարդանյանները: «Մենք պարծենում ենք ձեզանով: Ես շատ ուրախ եմ, որ այս հուշատախտակը մեզ անընդհատ հիշեցնելու է ձեր մասին: Ձեր կյանքը լի է եղել դժվարություններով, բայց դուք փառքով եք դուրս եկել այդ դժվարություններից»,- նշեց հոգևորականը` ավելացնլով, որ  շնորհակալ է նաև այս ամուսինների մեծ ներդրման համար, որը նրանք ունեցել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տանելու գործում:

Հուշատախտակի հեղինակ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, քանդակագործ Գագիկ Ղազարյանը հուշատախտակի տեղադրման մտահղացման համար շնորհակալություն հայտնեց ԵՊԼՀ-ի ղեկավարությանը, ազատամարտիկ Ջհան Հովհաննիսյանին, որ իրեն ծանոթացրել էր լեգենդար հետախույզի հետ: Քանդակագործը կարծիք հայտնեց, որ առաջիկայում պետք է նաև Գևորգ Վարդանյանին մարմնավորող հուշարձան կանգնեցնել Երևանում:

 ԵՊԼՀ գիտական խորհրդի որոշմամբ` ԵՊԼՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գասպարյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար Գոհար Վարդանյանին պարգևատրեց ԵՊԼՀ բարձրագույն պարգևով՝ ԵՊԼՀ Ոսկե մեդալով: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև ԵՊԼՀ-ի՝ Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը:

Հուշատախտակի բացման միջոցառման կազմակերպիչներն են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և ԵՊԼՀ շրջանավարտների միավորումը: Գևորգ Վարդանյանը (1924թ. փետրվարի 17 - 2012թ. հունվարի 10) խորհրդային արտաքին հետախուզության ծառայության առաջին հետախույզն է, որ կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրա անունը նշված է բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն հետախույզների ցանկում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am