Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողանը նախաձեռնողական քայլ է կատարել, քանի որ ժխտողականությունը արդյունք չի տալիս. թուրքագետ

Էրդողանը նախաձեռնողական քայլ է կատարել, քանի որ ժխտողականությունը 
արդյունք չի տալիս. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունն աննախադեպ է, քանի որ Թուրքիայի պետական պաշտոնյան առաջին անգամ է խոսում ցեղասպանության մասին ու ցավակցում հայ ժողովրդին: Թուրքագետ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ, մինչ այդ, Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայում համարվում էր տաբու եւ թուրք որեւէ պաշտոնյա երբեէ չի բարձրացրել Հայոց ցեղասպանության հարցը: Չաքրյանի գնահատմամբ, Էրդողանը նման հայտարարություն է կատարել, քանի որ գիտակցում է` թուրքական ժխտողական քաղաքականությունն այլեւ չի գործում: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ գործընթացները փաստում են, որ թուրքական ժխտողականությունն արդյունքի չի հասնում եւ զիջում է իր դիրքերը: Սա ստիպում է Էրդողանին ինչ-ինչ քայլեր ձեռնարկել դրությունը փոխելու համար: Այս կերպ Էրդողանն ընդառաջ քայլ է կատարում եւ փորձում հանդես գալ նախաձեռնողի դերում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Չաքրյանը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի ուղերձի վերջնամասին, որտեղ Էրդողանն ակնարկում է հարցերը լուծել պատմաբանների հանձնաժողովի միջոցով, Չաքրյանը հիշեցնում է, որ  Ցեղասպանության կանխարգելման եւ պատժման կոնվենցիան ընդունել է ՄԱԿ-ը: «Հետեւաբար հարցը պատմաբաններին չի վերաբերում, այլապես ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան կընդուներ ոչ թե ՄԱԿ-ը, այլ որեւէ հեղինակավոր պատմագիտական ինստիտուտ: Սա քաղաքական հարց է, եւ եթե այդ առնչությամբ Թուրքիան որեւէ առարակություն ունի, պետք է ՄԱԿ-ի հետ լուծի: Ի դեպ, Թուրքիան էլ է ստորագրել ՄԱԿ-ի կոնվենցիան, իսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 24 երկիր եւ միջազգային կազմակերպություն, եւ, ելնելով իր ստորագրության պարտավորությունից, Թուրքիան պետք է ճանաչելու մասին մտածի, այլ ոչ թե հայկական կողմին առաջարկի հանձնաժողով ստեղծել: Պատմաբանները կարող են ուսումնասիրել, թե դա ինչպես է եղել, ինչ հանգամանքներ են հանգեցրել ցեղասպանության, կամ ինչու է Թուրքիան հայկական հարցը լուծել ցեղասպանության միջոցով, սակայն որոշել` արդյոք դա ցեղասպանությո՞ւն է` ոʹչ ապացուցման կարիք է զգում, ոʹչ էլ պատմաբանների տեսակետի»,- ասաց Չաքրյանը:

Նրա գնահատմամբ, Հայաստանի դիրքորոշումը Էրդողանի հայտարարության առնչությամբ պետք է լինի զուսպ եւ հավասարակշռված:

«Հայաստանը չպետք է հիացմունք արտահայտի կամ շնորհակալություն ասի այն պետություններին, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը կամ դատապարտում այն: Այդ պետությունները ՄԱԿ-ի Ցեղասպանությունների  դատապարտման եւ կանխարգելման կոնվենցիան են ստորագրել, հետեւաբար, ելնում են իրենց պարտավորություններից եւ դիրքորոշումից: Նույն դիրքորոշումը Հայաստանը պետք է ունենա նաեւ Թուրքիայի վարչապետի հայտարարության կապակցությամբ, կարեւորի առաջընթացը, սակայն գնահատականներում լինի զուսպ եւ հավասարակշռված»,- ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին: Էրդողանը շեշտում է, թե նախորդ դարասկզբին, Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էին կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների համար` լինի թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով` հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցավերը, պետք չէ դրանք դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ, ինչպես, ըստ նրա` ժողովուրդն է ասում` «կրակն ընկած տեղն է վառում»: Էրդողանը մարդկության պարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի` այդ շրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով` «բազմակարծության, ժողովրդավարական մշակույթի եւ արդիության պահանջն է»:

«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն է: Այդ ցավալի պատմությանը արդարացի հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւ գիտական պատասխանատվություն է», -նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am