Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ մշակույթի, Կարեն Ճշմարիտյանը` էկոնոմիկայի նախարար

Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ մշակույթի, Կարեն Ճշմարիտյանը` էկոնոմիկայի 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով Կարեն Ճշմարիտյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի, իսկ Հասմիկ Պողոսյանը` Մշակույթի նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը հրամանագրերն ստորագրել է`ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

Կարեն Ճշմարիտյանը ծնվել է 1959թ. սեպտեմբերի 12-ին, Երեւանում: 1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանային տնտեսագիտական ֆակուլտետը, 1985թ.` ասպիրանտուրան: Տնտեսագետ: 1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980թ. աշխատել է ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման եւ նորմավորման գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես տնտեսագետ:1985-1990թթ.` Հայկական ՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում` որպես ավագ տնտեսագետ, այնուհետեւ գլխավոր մասնագետ, ապա ֆինանսական ենթաբաժնի պետ, 1990-1991թթ.` ՀՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի «Հայէլեկտրամեքենամեծառ» հանրապետական միավորումում` գլխավոր տնօրենի տեղակալ: 1991-1993թթ. գլխավորել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության միջպետական առաքումների գլխավոր վարչությունը: 1993-1996թթ. եղել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ, 1996-1997թթ.` ՀՀ առեւտրի սպասարկումների եւ զբոսաշրջության նախարարության արտաքին առեւտրի վարչության պետ, 1997-1998թթ.` ՀՀ արդյունաբերության  եւ առեւտրի  նախարարի առաջին տեղակալ, 1999-2002թթ.` ՀՀ արդյունաբերության  եւ առեւտրի, իսկ 2002-2007թթ.` ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար: 

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-16.06.2009թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 16.06.2009-31.05.2012թթ.` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հասմիկ Պողոսյանը ծնվել է 1960 թ. մայիսի 22-ին, Երևանում: 1977-1982 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, ստացել կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորում, 1982-1985 թթ.` ԵՊՀ ասպիրանտուրայում:
1983-1993 թթ. աշխատել է Երևանի N 183 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, 1986-2006 թթ.` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն (ԱՕԿՍ), ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, առաջին փոխնախագահ, խորհրդի նախագահ, 2006-2008 թթ.` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
2008-2012 թթ.` ՀՀ մշակույթի նախարար, 2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում: ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ԱՊՀ երկրների պատվոգրով, «Մովսես Խորենացի» մեդալով, «ՌԴ ՆԳՆ համագործակցության համար» կրծքանշանով, «Արժանիքի ազգային ասպետ» Ֆրանսիայի շքանշանով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով, «Համագործակցության ամրապնդման համար» ՀՀ ոստիկանության մեդալով, «Արվեստի և գրականության ասպետ» Ֆրանսիայի շքանշանով, արժանացել է Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի դիպլոմի: ԱՕԿՍ-ում աշխատելու տարիներին կազմակերպել է տարբեր միջազգային մշակութային ծրագրեր, գիտական կոնֆերանսներ, հիմնադրվել է «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնը։ Բազմաթիվ գիտական, հրապարակախոսական, ստեղծագործական հոդվածների, մի շարք պարբերականների ու գրքերի նախագծերի, այդ թվում՝ ռուսալեզու «Палитра» (Գունապնակ) ամսագրի, անգլալեզու «Armenian Palette» (Հայկական գունապնակ) մատենաշարի, մշակութային տեղեկատուների, «Աշխարհի գույներ», «Գրական տապան. Եվրոպայի գրողները Հայաստանի մասին» գրքի հեղինակ է: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու որդի, երկու թոռնիկ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am