Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Ֆրանկ Էնգելին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ 
Ֆրանկ Էնգելին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» փոխնախագահ Ֆրանկ Էնգելին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և կարևորել ակտիվ երկխոսությունը եվրոպական համայնքի մեր բարեկամների հետ, որը, նրա խոսքով, դրական լիցք է հաղորդում Հայաստան - ԵՄ հարաբերություններին: Այսօրինակ հանդիպումները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են ինչպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, այնպես էլ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների շուրջ մտքեր փոխանակելու համար:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից մեկը, և ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Նախագահը երախտագիտություն է հայտնել «ԵՄ-Հայաստան բարեկամության խմբին»՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի ամրապնդմանն ուղղված գործունեության և Հայաստանին մշտապես սատարելու պատրաստակամության համար:

Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգում փոփոխություն տեղի չի ունեցել, և մեր երկիրը վճռական է շարունակելու ԵՄ-ի հետ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարևորություն ունի, և Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am