Հասարակական

Մահացել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը

2 րոպեի ընթերցում

Մահացել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը մահացել է: Լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գլխավոր մարքեթոլոգ Հարություն Պողոսյանը` չփոխանցելով դեպքի հետ կապված մեկնաբանություններ: «Տեղեկատվության հետ կապված մենք պաշտոնապես հայտարարություն կտարածենք»,- ասաց նա:

Ստեփան Գիշյանն, ունենալով ֆինանսական ոլորտում հարուստ աշխատանքային փորձ, 1996թ.-ին ստանձնել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գործադիր տնօրենի պաշտոնը` ղեկավարելով բանկը ստեղծման և զարգացման ողջ ընթացքում: 2006թ. «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկը վերակազմավորվել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության, իսկ Ստեփան Գիշյանը շարունակել է զբաղեցնել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը: 2003թ.-ից մինչ օրս Ստեփան Գիշյանը նաև «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿՓԲԸ խորհրդի նախագահն էր, իսկ 2006թ.-ից մինչ օրս` «Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ» ՓԲ ընկերության նախագահը:

Ստեփան Գիշյանը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ էր: 2006-2007թթ. Ստեփան Գիշյանը նախագահել է Հայաստանի բանկերի միությունը: Նա Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի կողմից` «Վաստակի համար» ազգային շքանշանով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում