Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

IELTS համակարգի հիմնադրման 25-ամյակի առթիվ Երևանում անցկացվեց համաժողով

IELTS համակարգի հիմնադրման 25-ամյակի առթիվ Երևանում անցկացվեց համաժողով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անգլերենի մասնագետները, կրթական հաստատությունների ղեկավարները, դասախոսները և ուսուցիչները Բրիտանական խորհրդի «Համագործակցություն հանուն հաջողության» համաժողովի ընթացքում քննարկեցին Հայաստանում IELTS (International English Language Testing System - Անգլերենի քննության միջազգային համակարգ) ծրագրով ուսուցման և նախապատրաստման գործընթացը: Մարտի 22-ին անցկացված համաժողովին մասնակցեցին ավելի քան 200 մասնագետներ, ովքեր իրենց փորձը փոխանցեցին գործընկերներին և ծանոթացան բրիտանացի գործընկերների փորձին:

«IELTS-ն այս տարի նշում է իր հիմնադրման 25-ամյակը և սա հրաշալի թեստ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի ուսանողները կարողանան ընդունվել ոչ միայն Միացյալ Թագավորության համալսարաններ, այլև ամբողջ աշխարհի կրթօջախներ: Թեստն ապացուցել է իր գործունակությունն ու արդյունավետությունը: Տարեկան կտրվածքով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հանձնում են IELTS քննություն: Հայաստանում IELTS-ն ամեն տարի հանձնում է շուրջ հազար մարդ, ինչը նշանակում է, որ թեստն ուշադրություն է գրավել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ընդգծեց, որ IELTS-ի 25-ամյակին ընդառաջ ամենուր անցկացվում են նմանատիպ միջոցառումներ: «Հայաստանում մենք ևս որոշել ենք նշել այն և ներկայացնել մեկ այլ նորարարարական մոտեցում` ներդնել IELTS-ի առցանց դասավանդում: Հայաստանում IELTS-ը բավականին ճանաչված է, և կան նաև համալսարաններ, որոնց հետ Բրիտանական խորհուրդը սերտորեն համագործակցում է: Հույս ունենք, որ ծրագիրն օգտակար կլինի համալսարանների և, հատկապես, այն հաստատությունների համար, որոնք ընդունում են IELTS-ի քննությունը և դասավանդում են ըստ դրա»,- նշեց Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը հավելեց, որ ուսանողները կարող են գրանցվել առցանց համակարգում, ուսումնասիրել թեստը, ստուգել իրենց գիտելիքները և գնահատականները: «Ուսուցչի ներդրումն անհրաժեշտ չէ, սակայն նա կարող է մտնել համակարգ և նայել, թե իր ուսանողներն ինչ հաջողություններ են ունենում և ինչպիսի գնահատականներ են ստանում: Ծրագիրն առաջին անգամ է Հայաստանում ներդրվում և կհեշտացնի համալսարանների գործը»,- եզրափակեց Սարիբեկյանը:

«Համագործակցություն հանուն հաջողության» համաժողովի հատուկ հյուրն էր  IELTS-ի առաջատար մասնագետ Դայան Ստյուարտը: Նա հայ մասնագետներին փոխանցեց ուսանողներին IELTS քննությանը նախապատրաստելու հմտությունները և գիտելիքները:

Բրիտանական խորհրդի քննությունների գծով խորհրդական և հավատարմագրող Բերնադետ Մագայրը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց IELTS քննության նախապատրաստման համար հատուկ մշակված Road to IELTS պորտալը:

Այս տարի լրանում է IELTS-ի հիմնադրման 25-ամյակը: Եվրոպական և ամերիկյան համալսարանների ընդունելության համար անգլերենի թիվ մեկ քննության ստեղծման առթիվ բազմաթիվ միջոցառումներ և համաժողովներ են կազմակերպվում ամբողջ աշխարհում: IELTS-ը անգլերենի ամենաճանաչված քննությունն է աշխարհում: Տարեկան աշխարհում IELTS քննություն է հանձնում ավելի քան 2 միլիոն մարդ:  Աշխարհի շուրջ 8 հազար ազմակերպություններ, այդ թվում` ակադեմիական և պետական հաստատություններ, ընդունում են  IELTS-ը: Հայաստանում տարեկան ավելի քան 1000 մարդ հանձնում է IELTS քննություն և ստանում անգլերենի իմացության միջազգային վկայական:

Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am