Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վարուժան Ոսկանյանի և Աքրամ Այլիսլիի գործերը դարձան Հայաստանի տարվա բեսթսելեր

Վարուժան Ոսկանյանի և Աքրամ Այլիսլիի գործերը դարձան Հայաստանի տարվա 
բեսթսելեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագիծը փաստում է, որ Հայաստանում ժողովրդականություն են վայելում բարձրարժեք գրական ստեղծագործությունները: Գործակալության վարկածով տարվա բեսթսելեր են ճանաչվել Նոբելյան մրցանակի ներկայացված ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպն ու ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վիպակը:

Հայաստանի ամենապահանջված գրքերը շաբաթներ շարունակ ներկայացնող նախագիծը յուրահատուկ նախաձեռնությամբ ամփոփեց տարին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում Մայրենի լեզվի խորհրդանշական օրը` փետրվարի 21-ին, անցկացվեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը և մի շարք անվանակարգերում ընտրվեցին հաղթողներ:

«Նախագիծն սկսել ենք մեկ տարի առաջ: «Երևանյան բեսթսելերը» միտված է հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Գաղափարը ծագեց մեկ տարի առաջ, և արդեն մեկ տարի է` հաջողությամբ իրականացնում ենք ծրագիրը: Ամեն շաբաթ նկատում ենք, որ ավելանում է գրքերի ընթերցումների թիվը և նախագիծը փաստում է իր նշանակությունը: Գրքի նվիրյալները արժանի են շատ ավելի մեծ խրախուսման և գնահատանքի: Օրը պատահական չենք ընտրել` փորձեցինք համադրել Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերը»,- նշեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: «Եթե մեզնից յուրաքանչյուրը մյուսին գիրք նվիրի, ապա մեր գրքերի վաճառքը կմեծանա, դրանք կդառնան բեսթսելեր և մարդիկ միմյանց կնվիրեն լավագույնը` գիրքը: Գաղափարն ինքը շատ լավն է»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Արամ Անանյանը բացատրեց նաև վարկանիշի կազմման մեթոդաբանությունը: «Մենք տվյալները փորձում ենք ստանալ հենց գիրքը վաճառողից: Այդ տվյալները մենք չենք փոփոխում, այնպես, ինչպես ստանում ենք, այդպես էլ արտացոլում: Մենք նախագիծն անում ենք խղճի մտոք, ազնվորեն` լավը, ընթերցվողը, փնտրվողն ընթերցողին հասցնելու համար»,-ընդգծեց Արամ Անանյանը: «Արմենպրես»-ի տնօրենը նշեց, որ անհրաժեշտ է խրախուսել գրքերի վաճառքը մարզերում: Մրցանակների հավաստագրերը շնորհվեցին վեց անվանակարգերում:

«Ժամանակակից հայ հեղինակ» ճանաչվեց Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» վեպով: Հավաստագիրը հեղինակի փոխարեն ստացավ ՀՀ-ում Ռումինիայի հյուպատոս Դրագոս Զամֆիրեսկուն, այն  Ոսկանյանին կփոխանցվի Հայաստանում Ռումինիայի դեսպանության ջանքերով: «Տարվա արտասահմանյան բեսթսելեր» ճանաչվեց Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» վիպակը, որն իր երեք հրատարակություններով մշտապես տեղ է գտել վարկանիշային աղյուսակում: Արամ Անանյանը Հայաստանի գրողների միության նախագահին խնդրեց, օգտագործելով գրական կապերը, Աքրամ Այլիսլիին փոխանցել հավաստագիրը «Դրուժբա նարոդով» ամսագրի միջոցով, որտեղ էլ հենց լույս է տեսել Այլիսլիի ստեղծագործությունը: «Տարվա ամենապահանջված թարգմանություն»-ը կատարել է Հովհաննես Այվազյանը` թարգմանելով Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» գործը: «Բեսթսելերների տարվա հրատարակիչ» ճանաչվեց «Անտարեսը»: 56 շաբաթ շարունակ «Անտարես»-ի գրքերը մշտապես տեղ են գտել վարկանիշային աղյուսակում: «Տարվա մանկական ստեղծագործություն մայրենի լեզվով» անվանակարգում հաղթեց Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» ստեղծագործությունը: «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան և արջը. առաջին հանդիպումը» դարձավ «Ամենապահանջված թարգմանական մանկական ստեղծագործություն»:

«Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագիծը «Արմենպրես»-ի բազմաթիվ հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որն արդեն ավելի քան 50 շաբաթ շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը: «Արմենպրես»-ի այս հատուկ նախագիծը գիրքն ու գրականությունը լավագույնս եւ անաչառ ներկայացնելու համար նախորդ տարի արժանացել էր «Գրքի ընկեր» մրցանակին: «Արմենպրես»-ը կշարունակի ձեզ ամեն շաբաթ ներկայացնել ամենապահանջված գրքերի ցանկը և մրցանակաբաշխությունը կդարձնի բարի ավանդույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]