Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ֆրանսահայ համայնքը հիասթափված է Թուրքիայում Օլանդի արած հայտարարությունից

Ֆրանսահայ համայնքը հիասթափված է Թուրքիայում Օլանդի արած 
հայտարարությունից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման մասով ես կասկած չունեմ, որովհետև նախագահը շատ հստակ նշեց, որ նախագահական պալատը հարցը մտադիր է լուծել միմիայն օրենքի սահմաններում: Սա մեզ հետաքրքրում է, քանզի եթե օրենքի սահմաններում է հարցը լուծվելու, ապա օրինագիծը պետք է անցնի և կիրառվի: Համոզված եմ, որ մինչ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նախագահ Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի, մանավանդ, որ նախատեսված է նրա մայիսյան այցելությունը Երևան, ուր էլ օրինագծի հետ կապված առաջադիմական և դրական հայտարարություն կանի»,- նշեց Վարժապետյանը:

Մեկնաբանելով երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը` պատմության հետ հաշվի նստելու հետ կապված, նա ընդգծեց, որ ֆրանսիական մամուլի լրատվությունը և նախագահի հայտարարությունը էականորեն տարբերվում են. ֆրանսիական մամուլի հրապարակումներում նշվում էր, որ նախագահը Հայոց ցեղասպանութան ճանաչման կոչ է արել, սակայն նախագահը նման բան չհայտարարեց:  «Այդ առումով հայ համայնքի ակնալիքները չարդարացան: Նախագահի հայտարարության մեջ իրերն իրենց անուններով չէին կոչվում: Անընդունելի են նաև այն արդարացումները, իբր, գտնվելով Թուրքիայում, նախագահը չէր կարող նման հայտարարություն անել: Հայ դատը շարունակելու է հետամուտ լինել նույն պահանջին` հասնելու վերջանական արդարության»,- պարզաբանեց Ֆրանսիայի Հայ դատի ղեկավարը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Թուրքիա պաշտոնական այցի նախօրյակին Ֆրանսիայի հայ համայնքը բողոքի ակցիա էր անցակցրել` պահանջելով Թուրքիայի առջև բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Օլանդն իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հետ Անկարայում հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «հաշտություն եւ համաձայնություն ապահովելու համար անհրաժեշտ է ճանաչել 1915 թ-ի իրադարձությունները», իսկ «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է կիրառել միջազգային համաձայնագրերի շրջանակում»: 

 Վերջին 22 տարվա ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am