Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր
Լրահոս

Բոլոր նորությունները    


 

Արմեն Հովհաննիսյանի արարքն ապացուցեց, որ հայ երիտասարդները հայրենասեր են. ազատամարտիկներ


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով արիաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի հերոսական արարքն ապացուցում է, որ հայոց բանակը հզոր է և պատրաստ դիմակայել հակառակորդի ցանկացած հարձակմանը,հետ մղել և ոչնչացնել ցանկացած թշնամու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Սերոբյանը նշեց, որ սահմանին միշտ էլ լինում են կրակոցներ, սակայն  սա մտածված ու ծրագրված հարձակում էր` դիվերսիա:

«Իմ և հանրապետության կին ազատամարտիկների անունից ցավակցում եմ Արմեն Հովհաննիսյանի ծնողներին և հարազատներին: Հովհաննիսյանն առանց երկմտելու խիզախաբար մատնչել է ադրբեջանական հատուկ ջոկատների դեմ` չխնայելով կյանքը: Մեր զինվորները չգիտեին, որ նման հարձակում պետք է լինի: Տեսեք, թե ինչքան պատրաստ են մեր զինվորները և ինչպես են գիտակցում իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, որ կարողացել են հակահարված տալ այդքան փոքրաթիվ լինելով: Այս քայլն ապացուցում է, որ մեր երիտասարդությունը հայրենասեր է և գիտակցում է իր պարտքը հայրենիքի հանդեպ: Մեզ` արցախյան պատերազմի մասնակիցներիս, եկել են փոխարինելու արժանի երիտասարդներ, ովքեր, եթե հարկ լինի, կմարտնչեն իրենց կյանքի գնով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց  Աիդա Սերոբյանը:

Գ.Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Դուշման Վարդանի քույր Արմենուհի Ստեփանյանի խոսքով` ևս մեկ մայր որդեկորույս եղավ, մեկ օջախի ծուխ մարվեց: «Բնության մեջ մեծ խախտում է, երբ մայրը հողին է հանձնում իր զավակին: Վերջին օրերին իմ բոլոր դասերը սկսվում և ավարտվում են Արմեն Հովհաննիսյանի մասին զրույցներով: Արմեն Հովհաննիսյան` անուն, որ մինչ այդ ոչինչ չէր ասում: Երիատսարդ էր երազանքներով, մտորումներով լի և սպասում էր, որպեսզի 4 ամիս հետո տուն վերադառնար: Յուրաքանչյուր հայորդու կորուստ սուգ է, որովհետև մեկ հայ օջախի ծուխ հանգավ, և մեկ հայ ընտանիք այլևս չի կազմվելու: Արցախում արցախցու հարց չի լուծվում, Արցախում հայության հարցն է լուծվում: Արցախում այդ բոլոր տղաները մեզ են պաշտպանում»,-նշեց Արմենուհի Ստեփանյանը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 21-ին հայտնել է, որ դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած սովորական ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու:

Հակառակորդի դիվերսանտների դեմ հերոսաբար մարտնչած և զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի աճյունը հունվարի 22-ին պատվո պահակախմբի, հազարավոր մարդկանց ու զինվորական նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ իր վերջին հանգրվանը գտավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նրա մարմինը հողին հանձվեց պատվո համազարկերի ներքո:




Яндекс.Метрика

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ