Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում թողել եմ հուշանվեր. Պլասիդո Դոմինգո- կրտսեր

Արցախում թողել եմ հուշանվեր. Պլասիդո Դոմինգո- կրտսեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի երգիչ, երգահան և պրոդյուսեր Պլասիդո Դոմինգո -կրտսերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հասցրեց երեք աննկարագրելի համերգներով հանդես գալ Երևանում և Ստեփանակերտում: Մի քանի օր ապրելով մեզ մոտ` նա հասցրեց սիրել հայերին, Հայաստանը և Արցախը: Սիրեց և խոստացավ կրկին գալ մեր երկիր: Արցախում հանդես գալու կապակցությամբ մեր հարևան երկրում խառնաշփոթ առաջացրած երգիչը Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունի, որոնց մասին Դոմինգո- կրտսերը պատմեց «Արմենպրես»-ի թղթակցին:

-Պարոն Դոմինգո, Դուք արդեն հասցրել եք համերգներով հանդես գալ Ղարաբաղում և Երևանում: Եթե Ձեզ կրկին հրավիրեն Հայաստան, կվերադառնա՞ք այստեղ:

-Այո, անպայման, մեծ հաճույքով կգամ Հայաստան ոչ միայն երգելու նպատակով, այլև պարզապես կայցելեմ ձեր երկիր: Կարծում եմ, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Ես այս աշխարհում տարբեր վայրերում եմ եղել, բայց ձեր քաղաքը, մարդկանց և մթնոլորտը շատ սիրեցի և շատ ուրախ եմ այստեղ գտնվելուս համար: Երանի~ ավելի երկար մնայի այստեղ և ձեր երկրի մշակույթի և մարդկանց մասին շատ բան սովորեի: Հաստատ այստեղ նորից կգամ և ինձ հետ կբերեմ նաև այլ երաժիշտների և ավելի շատ միջոցառումներ կկազմակերպեմ ձեզ մոտ, որովհետև ձեր հանդիսատեսը հիասքանչ է: Շատ սիրեցի «Արամ Խաչատրյան» համերգասրահը, այն չափազանց գեղեցիկ էր:

-Նոյեմբերի 21-ին Դուք հանդես եկաք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր համագործակցությունը երաժիշտների և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

-Կարծում եմ, երիտասարդները ֆանտաստիկ էին նվագում: Դե, իսկ մաեստրո Սերգեյը տաղանդավոր և հիասքանչ երիտասարդ է: Հաճելի է ունենալ  նման երիտասարդ երաժիշտներ, ովքեր սիրում են նվագել և խանդավառությամբ են վերաբերվում երաժշտությանը:

-Շառլ Ազնավուրի «La boheme» երգը Ձեր կատարմամբ իսկապես մեծ նվեր էր հայ հանդիսատեսին:

-Ինձ ասել էին, որ մեծանուն արվեստագետ Շառլ Ազնավուրին Հայաստանում շատ-շատ են սիրում : Նա հայրիկիս հետ երգել է` նրանք հանդես են եկել զուգերգով : Ես տեսա  պարոն Ազնավուրին 2011-ի աշնանը ` Փարիզի «Օլիմպիա» թատրոնում երգելիս և շատ սիրեցի նրան: Երբ ինձ խնդրեցին երգել «La boheme» երգը, ես համաձայնեցի, բայց երբևէ այն չէի կատարել: Այնուհետև սկսեցի սովորել երգի բառերը և երաժշտությունը, դա ինձ համար համաշխարհային պրեմիերա էր: Ես կփորձեմ այն ավելի լավ սովորել:

-Ձեր երգացանկում կներառե՞ք «La boheme» -ը:

-Անպայման: Սա միջազգային երգ է, բոլորն այն գիտեն և սիրում են:

-Տեղյակ եմ, որ Արցախում թողել եք Ձեր մասնիկը` այնտեղ ծառ եք տնկել:

-Այո, Խաղաղության ծառուղում մի ծառ եմ տնկել: Արցախում հուշանվեր եմ թողել: Կարծում եմ, շատ հաճելի է լինել մի բանի մաս, որը կծաղկի երկար տարիներ: Շատ հուզիչ էր:

-Դուք նշել էիք, որ սկսել եք երգել ընդամենը երկու տարի առաջ: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ձեր հոր ուղիով ընթանալ:

-Հայրիկիս` Պլասիդո Դոմինգոյի համար պետք է մի քանի դեմո-երգեր պատրաստեի և ձայնագրեի դրանք: Երբ նա լսեց իմ ձայնը, հանկարծ հարցրեց. «Իսկ դու ինչու՞ չես երգում»: Ես պատասխանեցի` լավ, կերգեմ: Հետո նա սկսեց ինձ հրավիրել իր համերգներին մասնակցելու, և ես սկսեցի ավելի սովորել նրանից: Դե, ես սովորելու բան դեռ շատ ունեմ, բայց շատ երջանիկ եմ, որ երգում եմ:

- Ձեր հայրն աշխարհի ամենահայտնի երգիչներից մեկն է: Ի՞նչ զգացողություններ ունեք ամեն անգամ, երբ շփվում եք նման լեգենդի հետ:

-Այո, նա լեգենդ է: Ես շատ հպարտ եմ, որ նա իմ հայրն է, և շատ ուրախ եմ , որ նա այս 50 տարվա ընթացքում մեծ բարձունքներ է նվաճել: Նրա որդին լինելը և իր անունը կրելն ինձ համար մեծ պատիվ է: Նա ինձ մշտապես խորհուրդներ է տալիս, և մենք շատ կապված ենք: Այժմ, որպես երաժիշտ, նա օգնում է ինձ դառնալ ավելի լավը, և ես ընդունում եմ նրա բոլոր ասածները:

-Դուք երգեր եք գրել Լուչանո Պավարոտիի, Դայանա Ռոսի, Թոնի Բենեթի, Մայքլ Բոլթոնի և այլ հայտնի երգիչների, ինչպես նաև  Ձեր հոր համար: Մի՞թե ավելի դժվար չէ գրել ստեղծագործություն սեփական ծնողի համար:

-Հայրս հզոր ձայն ունի , և երբ փորձում եմ նրա համար ստեղծագործություն գրել, վերհիշում եմ նրա ձայնը և այն, թե ինչ է նա կարողանում անել իր ձայնի հետ: Երբեմն, երբ նա լսում է իմ գրած երգերը, հանդես է գալիս առաջարկներով, հարցնում է` կարո՞ղ ենք փոխել ինչ-որ  բան: Կամ էլ. «Ես այս հատվածն ավելի շատ եմ սիրում»: Նրա հետ ավելի հեշտ է աշխատելը, չէ՞ որ նա օտար չէ ինձ: Մյուսների հետ, գուցե, ավելի դժվար է, որովհետև մենք իրար լավ չգիտենք: Գիտեմ, որ հայրիկիս ցանկացած առաջարկ երգն ավելի լավը կդարձնի:

-Պլասիդո Դոմինգո -ավագի ստվերում հայտնվելուց չե՞ք վախեցել:

-Ոչ, չէի վախենում, որովհետև միշտ նրա ստվերում եմ եղել` լավ իմաստով կամ էլ` վատ: Նա իմ հայրն է, նա առաջինն է, հիմա ես եմ գալիս, և այն, ինչ ես անում եմ, ամբողջությամբ տարբերվում է նրա արածից: Համեմատելու բան չկա: Անհնար է, որովհետև նա այնպիսի մեծություն է, որ ես երբեք նրա կարգում չեմ հայտնվի: Մարդիկ կարող են իմ մասին ասել` նա այնքան էլ լավը չէ, որքան իր հայրը:  Նորություն ասեք: Ես գիտեմ, որ ես հորս նման չեմ  և նպատակ էլ չունեմ նրա նման լինել: Ես նպատակ ունեմ լինել այնպիսին, ինչպիսին կարող եմ նրանով, ինչ ես եմ անում: Հակառակ դեպքում իմաստ չկա: Բայց եթե ինձ նրա հետ են համեմատում, դա ինձ համար մեծ պատիվ է:

-Դոմինգո -ավագի հետ երբեմն նաև զուգերգեր եք կատարում:

-Շատ մտերմիկ և միևնույն ժամանակ շատ հարմարավետ իրավիճակ է ստեղծվում, որովհետև կատարման ընթացքում նա երբեմն իր ձեռքը դնում է իմ ուսին, և ես զգում եմ նրա ներկայությունը: Այն ինձ օգնում է և հանգստացնում: Նա առաջին հերթին իմ հայրն է, հետո Պլասիդո Դոմինգոն: Երբ ես նրա հետ բեմում եմ, մարդիկ մտածում են. «Օ~, նա Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում է»: Իսկ ես մտածում եմ, որ հայրիկիս հետ եմ:

-Ձեր եղբայրները նույնպե՞ս երգում են:

-Երկու եղբայր ունեմ: Մեկն ինձնից մեծ է և երգում է միայն հաճույքի համար, նվագում կիթառ, նաև ղեկավարում է իմ հայրիկի ռեստորանները: Փոքր եղբայրս հորս համերգային մենեջերն է` կազմակերպում է նրա համերգները, ինչպես նաև «Օպերալիա» միջազգային մրցույթի համակարգողն է:

-Ընտանիքով հաճա՞խ եք կարողանում միասին ժամանակ անցկացնել:

-Երբեմն ուղղակի հայրիկիս տեսնելու համար ճամփորդում եմ այն երկիր, որտեղ նա համերգ է տալիս, իսկ արձակուրդներին ընտանիքով մշտապես միասին ենք:

-Մոտ ժամանակներս պատրաստվում եք ներկայացնել Ձեր նոր ձայնասկավառակը: Ի՞նչ երգեր են ներառված նոր CD-ում:

-Այո, «Latidos» անունը կրող ձայնասկավառակս 11 լատինական երգերի հավաքածու է: Այն պարունակում է իսպաներեն և անգլերեն երգեր: Մոտ ժամանակներս կցանկանայի ձայնագրել զուգերգեր` աշխարհի տարբեր երկրների տաղանդավոր ներկայացուցիչների հետ` իրենց մայրենի լեզուներով:

-Հայերի հետ նույնպե՞ս: 

-Այո, հայերի հետ ևս անպայման կհամագործակցեմ:

-Հայաստանից հետո ու՞ր եք պատրաստվում մեկնել:

-Համերգներով հանդես կգամ Իսպանիայում, Կոստա Ռիկայում: Մի քանի գաղափար ունեմ Ռուսաստանի համար: Մինչև տարեվերջ կգնամ նաև Հարավային Ամերիկա և Չինաստան:

Պլասիդո Դոմինգո- կրստերը հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին է: Դոմինգո- կրտսերը երգեր է գրել Լուչանո Պավարոտիի, Դայանա Ռոսի, Թոնի Բենեթի, Մայքլ Բոլթոնի, Պլասիդո Դոմինգո -ավագի և այլ երգիչների համար: Նա 2010թ. համագործակցել է «Գրեմմիի» մրցանակակիր Խուան Քրիստոբալ Լոսադայի և Sonic Projects Records-ի հետ և թողարկել իր Songs for Christmas/Canciones de Navidad ձայնասկավառակը և լատինական «Գրեմմի» մրցանակաբաշխությունում արժանացել «Տարվա մարդ» կոչմանը:

Պլասիդո Դոմինգո- ավագը Հայաստանում ելույթ է ունեցել 2010 թվականին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժորներ Իսրայել Գուրսկու և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am