Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մաքսիմ Վենգերովի առաջին մենահամերգը տարածաշրջանում կլինի Հայաստանում

Մաքսիմ Վենգերովի առաջին մենահամերգը տարածաշրջանում կլինի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովի առաջին մենահամերգը տարածաշրջանում կկազմակերպվի  Հայաստանում: Ջութակահարը նոյեմբերի 28-ին «Երևանյան հեռանկարներ» 14-րդ փառատոնի շրջանակում ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ջութակահարին կնվագակցի դաշնակահար Վահագն Պապյանը:

«Մեր ժամանակների ամենամեծ վիրտուոզ Մաքսիմ Վենգերովը Հայաստան առաջին անգամ այցելել է 2011-ին, բայց ոչ «Երևանյան հեռանկարների», այլ` երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ: Այդ տարի նա հանդես եկավ որպես դիրիժոր: Մենք նրան երկար ժամանակ է, ինչ սպասում ենք Հայաստանում: Առողջական խնդիրների պատճառով նա որոշ ժամանակ ջութակ չէր նվագում, հանդես էր գալիս միայն որպես դիրիժոր: Նա մեր տարածաշրջանում երբևէ մենահամերգ չի ունեցել: Մեզ համար սա սենսացիոն համերգ է, որը երկար բանակցությունների արդյունք է» ,- «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում նշեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

Երևանյան մենահամերգի ընթացքում Վենգերովը կկատարի Բախի, Ֆրանկի, Բրամսի, Դժվորժակի, Կրայսլերի, Շոստակովիչի, Յիգանովի, Պագանինիի, Իզայիի և Սեն Սանսի գործերը:

Մաքսիմ Վենգերովը ծնվել է Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում: 1989-ին տեղափոխվել է Գերմանիա, այնուհետև 1990-ից դարձել Իսրայելի քաղաքացի: 1990-ին հաղթել է Լոնդոնի Ֆլեշի անվան ջութակահարների մրցույթում: 2005 թ-ին դասավանդել է Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայում: Վենգերովը համագործակցում է լավագույն երաժիշտների հետ և արժանացել է «Գրեմմի» ու մի շարք այլ միջազգային մրցանակների։ Մաքսիմ Վենգերովը բազմիցս հանդես է եկել աշխարհի նշանավոր բեմերում` հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ:

Վենգերովն իր առաջին հայաստանյան այցին որպես դիրիժոր հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Այն ժամանակ հայ լրագրողների հետ հանդիպմանը մեծանուն երաժիշտը խոստովանել է, որ սիրում է հայերին՝ ասելով, որ ինքը բազմաթիվ հայ ընկերներ ունի, ավելին`ինքն իրեն նվազագույնը մեկ քառորդով հայ է համարում: Ջութակահարը հատկապես տպավորված է եղել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանով:

«Երևանյան հեռանկարների» 14-րդ համերգաշրջանն այս տարի մեկնարկել է Վիեննայի ֆիլհարմոնիկ հռչակավոր նվագախմբի համերգով: Այնուհետև, հունիսին Երևանում և Վանաձորում ելույթ է ունեցել «Գրեմմիի» մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց երգչախումբը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջերս հանդես է եկել նաև «Հորտուս Մուզիկուս» խումբը: Սեպտեմբերի 12-ին փառատոնի շրջանակում ելույթ է ունեցել Յուրի Բաշմետը` իր ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ, իսկ սեպտեմբերի 29-ին՝ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին: Փառատոնային վերջին համերգի ընթացքում յուրօրինակ ծրագրով է ներկայացել «Շանհայ» լարային քառյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am