Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրքիայում գանձ որոնողները շարունակում են քանդել հայկական եկեղեցիների հիմքերը

Թուրքիայում գանձ որոնողները շարունակում են քանդել հայկական եկեղեցիների հիմքերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական Հայաստանի (ժամանակակից Թուրքիա) հայկական եկեղեցիներին սպառնացող վտանգներից մեկն էլ տեղի բնակիչներն են, ովքեր, տարածված թյուր առասպելին հետևելով, շարունակում են փորել եկեղեցիների հիմքերը հայերի գանձերին տիրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Armenian Weekly» շաբաթաթերթում գրում է ամերիկահայ գրող և լուսանկարիչ Մեթյու Քարանյանը Արևմտյան Հայաստան կատարած իր ճանապարհորդությունից հետո:

«Պատմական Հայաստանում բնակվող քրդերի մի մասը շարունակում է հավատալ այն առասպելին, թե հայկական եկեղեցիների տակ գանձեր են թաղված: Ուստի և այդ գանձեր որոնողները փոսեր են փորում ամենուր, ուր հայկական կառույցների հետքեր են տեսնում: Դատելով անցած ամիս սբ. Թոմաս եկեղեցում (10-11-րդ դար) մեր տեսածներից` որոշ մարդիկ ակնհայտորեն հավատացել են, թե այստեղ նույնպես գանձեր են թաղված եղել: Մենք փորած փոսեր տեսանք եկեղեցու հիմքերի, մուտքի մոտ և բակում»,- գրում է Քարանյանը:

Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց` երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: Երևույթ, որ հայտնի է մշակութային ցեղասպանություն անվանումով: Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվել է նաև հանրապետական Թուրքիայում, քանզի դրանք դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ: Այդ նպատակով ստահոդ լուրեր են տարածվել ողջ Արևմտյան Հայաստանում, իբր հայերն իրենց բնակավայրերից հեռանալուց առաջ իրենց ոսկիները թաղել են գերեզմաններում և եկեղեցիների տակ` հույս ունենալով, որ թուրքերը ձեռք չեն տա: Հայերի թաքցրած գանձերը գտնելու մոլուցքը տիրում է Արևմտյան Հայաստանի բոլոր նախկին հայաբնակ վայրերում: Այդ մոլուցքը առիթ է դառնում, որ արկածախնդիրները քանդեն հայկական գերեզմաններն ու եկեղեցիների հիմքերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am