Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայի անդամակցումը ՄՄ-ին կարող է կանոնակարգել հայ-թուրքական հարաբերությունները. Գալուստ Սահակյան

Թուրքիայի անդամակցումը ՄՄ-ին կարող է կանոնակարգել հայ-թուրքական 
հարաբերությունները. Գալուստ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի` Մաքսային միությանն անդամակցելը կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգմանը, սակայն դրանք բարեկամական երբևէ չեն լինի: Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Մաքսային միության միանալու Թուրքիայի ցանկությանը, որի մասին հոկտեմբերի 24-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հնչեցրել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Մենք Թուրքիայի հետ կարող ենք կանոնակարգել մեր հարաբերությունները, հատկապես եթե այդ երկիրը միանա Մաքսային միությանը, սակայն մեր հարաբերությունները երբեք բարեկամական լինել չեն կարող: Կարծում եմ` երկու ազգերի հոգեբանության մեջ էլ ամրագրված է, որ իրենք բարեկամներ չեն կարող լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Հայաստանի` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ պատգամավորը նշեց, որ պետք է լուրջ աշխատանք տանի Մաքսային միությանն անդամակցելու և գործակցության արդյունավետությունն  ապահովելու համար: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է վերաբերվում Մաքսային միությանը միանալու Հայաստանի քայլերին և աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: «Մեզ համար ամենակարևորն այն է, որպեսզի լավ աշխատենք: Եթե վատ աշխատենք, կապ չունի Մաքսային միությունն ենք ընտրել, թե Եվրամիությունը, մենք կձախողվենք»,-  ասաց նա:

Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի շահերից: «Եթե դա մեր շահերից չբխեր, մենք երբեք այդ ուղղությամբ չէինք գնա: Եվ եթե նույնիսկ գա մի օր, որ մենք վտանգ զգանք այդ միությանն անդամակցելուց, կհրաժարվենք դրանից»,- ընդգծեց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարևորեց այն հանգամանքը, որ ՄՄ անդամ «եռյակ» երկրների ղեկավարները իրենց հավանությունն արդեն տվել են Հայաստանի մտադրությանը: «Հիմա մենք պետք է լուրջ աշխատանքներ տանենք Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզ կազմելու գործում, որը կբխի մեր շահերից և կնպաստի մեր երկրի զարգացմանը»,- ասաց նա:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը միանալու երկրի դիրքորոշման մասին հայտարարել է սեպտեմբերի 3-ին: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստում հոկտեմբերի 24-ին քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են: Դրանք են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

Հոկտեմբերի 24-ին Մինսկում կայացած նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկեց Թուրքիային ընդունել Մաքսային միություն` նշելով, որ այդ առաջարկն ստացել է հենց Թուրքիայից: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց կառույցին` Հնդկաստանի միանալու ցանկության մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am