Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայկական ստորաբաժանումը կմասնակցի Լիբանանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը

Հայկական ստորաբաժանումը կմասնակցի Լիբանանում իրականացվող  խաղաղապահ 
առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսել կատարած այցելության շրջանակում, հոկտեմբերի 21-23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ:

Սեյրան Օհանյանը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը իտալական ստորաբաժանման կազմում հայկական զորախմբի միանալու նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

Կողմերը պայմանավորվել են կարճ ժամանակում ավարտին հասցնել ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում հայ խաղաղապահների ընդգրկման հետ կապված իրավական ընթացակարգերը և սկսել առաքելության իրականացմանն առնչվող գործընթացներ: 

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ամփոփել են վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները և նախանշել հետագա համագործակցության հեռանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում տեղի է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Դրանք, մասնավորապես, վերաբերել են ԱՄՆ Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի շրջանակում ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում խաղաղապահ ուսումնական կենտրոնի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում ՀՀ ԶՈՒ անձնակազմի անհատական և ստորաբաժանման կազմով անցկացվող դասընթացներին և վարժանքներին, ՀՀ զինված ուժերում համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային և մարտավարական ուսումնավարժական կարողությունների ստեղծմանը և երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբերին Երևանում անցկացվելիք հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ընթացքում համագործակցության հարցերը հանգամանալից քննարկելու վերաբերյալ:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am