Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանը ներկայացվել է Գրականության Նոբելյան մրցանակի

Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանը 
ներկայացվել է Գրականության Նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանն առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Mondo News լրատվական կայքը, սեպտեմբերին հայտարարել է ռումինահայ քաղաքական գործիչը` համեստորեն նշելով, որ այնքան էլ չի հավատում իր հաղթանակին:

Իր պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում հայ նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատում են իր հաղթանակին և նշել, որ իր թեկնածությունը ներկայացվել է երեք երկրների գրողների միությունների կողմից` նախապես ստանալով իր համաձայնությունը: «Սա աննախադեպ երևույթ է Ռումինիայի քաղաքական էլիտայում, երբ ռումինական քաղաքական գործիչը ներկայացվում է Նոբելյան մրցանակի»,- նշել է Ոսկանյանը` կատակելով, որ հաստատպես իրեն չի հաջողվի ստանալ մրցանակը: Ոսկանյանը մյուս երկրների անունները չի նշել:

Գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ Վարուժան Ոսկանյանը հեղինակել է «Շշուկների մատյան» վեպը: Այն բնութագրվել է որպես գրական հայտնություն: «Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009 թ.-ին և համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը` արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Նրա գործը թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, առաջիկայում նախատեսված է թարգմանել եբրայերեն, շվեդերեն, գերմաներեն և բուլղարերեն:

Իր գրքի մասին հեղինակն ասել է. «Այն հայկական սովորույթները, մշակույթը, երգերը, խոհանոցը, հայերի տանջանքը և հույսերը համաշխարհային ընթերցողին ներկայացնելու փորձ է»:

Հայոց ցեղասպանության արհավիրքների եւ օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի եւ գրական շրջանակների բարձր գնահատականներին: ««Շշուկների մատյանը» թովչական գեղեցկության վեպ է, հենց ինքնին Պատմությունը»,- գրել է իսպանական ԷլՊաիս (El Pais) թերթը: «Ամենից առաջ Վարուժան Ոսկանյանը հայոց խիղճն է՝ մահից ու վերապրումից հունցված հիշողություն ժառանգած գրող»,- ավելացրել է վենեսուելական Էլ Նասիոնալը (El Nacional):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am