Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

300 տարի անց Գեռլան սպասում է իր հայ հիմնադրի հուշարձանին

300 տարի անց Գեռլան սպասում է իր հայ հիմնադրի հուշարձանին

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի պատմական Արմենոպոլիս` ներկայիս Գեռլա (Gherla) քաղաքում, որ վերջին 20 տարիներին վերագտնում է իր երբեմնի հայկական շունչը, սկսում են խոսել քաղաքի հիմնադիր հայ եպիսկոպոս Օգսեն Վարզարեսկուի (1655-1715) արձանը կանգնեցնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ հարցն է մասնավորապես բարձրացնում ռումինացի հեռուստատեսային լրագրող եւ թարգմանիչ, Տրանսիլվանիայի ազգային փոքրամասնություններին նվիրված հաղորդաշարի հեղինակ Անդրեա Գիցան` ռումինահայ Ararat հանդեսում տպագրած իր հոդվածում:

Հեռուստալրագրողը, ով ժամանակին ձեռնարկել է հայտնի Armenia հանդեսի հիմնադիր խմբագիր Քրիստոֆ Սոնգոթի  (1843-1907) «Կայսերական ազատ քաղաք Գեռլայի մենագրությունը» հինգ հատորյակի հունգարերեն բնագրից ռումիներեն թարգմանությունը, գտնում է, որ քաղաքի հայկական սկիզբն իր մեջ բավականաչափ ռեսուրսներ է պարունակում ներկայիս քաղաքի գոյությունը, ծաղկումն ու հայտնիությունն ապահովելու համար:

Պատմական Մոլդովայի Բոտոշան քաղաքում ծնված Օգսեն Վարզարեսկուն եղել է այդտեղից հալածանքների հետեւանքով Տրանսիլվանիա տեղափոխված հայերի հոգեւոր առաջնորդը եւ հայերին դեպի կաթոլիկություն դրդողներից մեկը: Վարզարեսկուն դա արել է, որպեսզի հայերը տեղացի հունգար կաթոլիկներին հավասար իրավունքներ ունենան:

Իր աշխատությունում Քրիստոֆ Սոնգոթը Վարզարեսկուին ներկայացնում է լավագույն կողմերով` Ավստրոհունգարական արքունիքի մոտ որպես հայության շահերի պաշտպան եւ հմուտ բանակցող:

«Տեսնելով, որ իր ծխականները, որոնք լավ արհեստավորներ եւ վաճառականներ էին, ցրված ապրում են ողջ Արդեալի շրջանում, Վարզարեսկուն իշխանություններից թույլատրություն է խնդրում Գեռլայի շրջանում փոքր հողատարածք հատկացնել (1 կմ երկարությամբ եւ 500 կմ լայնությամբ)` կայսերական ազատ քաղաք կառուցելու համար, որի դիմաց հայերը բավական մեծ գումար են վճարում` 25 000 ֆլորին»,- գրում է Սոնգոթը:

Անխոնջ եպիսկոպոսը բավական երկար ճամփորդություններ է կատարում Վիեննայի արքունիք` հայերի հիմնած նոր քաղաքների համար հավաստագրեր խնդրելու համար: Ինչպես Սոնգոթն է գրում, «Այլոք Վիեննա էին գնում արքեպիսկոպոսի կամ կարդինալի կոչում ստանալու համար, սակայն նա երբեք չէր մտածում իր անձնական շահի մասին` բավարարվելով միայն եպիսկոպոսի կոչմամբ»:

Եպիսկոպոս Վարզարեսկուն կյանքից հեռացել է 1715 թվականի մարտի 10-ին, Վիեննայում, ուր մեկնել էր դեռեւս 1712 թ.-ին` Գեռլա քաղաքի արտոնությունների մասին կայսեր կողմից խոստացված  հավաստագիրն ստանալու համար: Թաղվել է Վիեննայի արվարձան Լեոպոլդշտադտի կաթոլիկ եկեղեցիներից մեկի բակում: Դեռեւս 1719թ.-ին Գեռլայի քաղաքային խորհուրդը, որ այն ժամանակ գտնվում էր հայերի ձեռքին, որոշում էր կայացրել Վարզարեսկուի հուշարձանը կանգնեցնելու վերաբերյալ: Քննարկվել են մի շարք նախագծեր: Այդ հարցին կրկին վերադարձել են մեկ դար հետո, սակայն այդ որոշումը բազմաթիվ պատճառներով մինչ օրս չի իրականացվել:

Իր նյութում Անդրեա Գիցան նշում է, որ Գեռլան այժմ վերականգնում է իր հայկական արմատներն ու ավանդույթները, եւ 2015 թվականը, երբ կլրանա Վարզարեսկուի մահվան 300-ամյակը, հիանալի առիթ է նրա հուշարձանը կանգնեցնելու համար:

Անցյալ տարվա հոկտեմբերին Գեռլան եղբայրական կապեր է հաստատեկ Հայաստանի Ւջեւան քաղաքի հետ: Գեռլայի հին քաղաքը մինչեւ օրս պահպանում է իր նախնական դիմագիծը, կան ժամանակի հայապատկան վարչական, կրթական եւ թաղական շենքեր,  եկեղեցիներ, որոնցից ամենամեծը Սուրբ Երրորդության հայ կաթոլիկ տաճարն է: Հայապահպանական եւ մշակութային ակտիվ գործունեություն է ծավալում Ռումինիայի Հայոց միության տեղի մասնաճյուղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am