Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Հանրագիտարանները պահանջարկ ունեն ցանկացած տարբերակով. ստեղծվում է նոր հանրագիտարան

Հանրագիտարանները պահանջարկ ունեն ցանկացած տարբերակով. ստեղծվում է 
նոր հանրագիտարան

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը պատրաստվում է այս տարի նոր հանրագիտարան լույս ընծայել: 2012-ին հրատարակչությունը լույս ընծայեց «Հայաստան» մեկհատորանոց հանրագիտարանը, որի ստեղծման շարժառիթը ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանն էր: Ծրագրերի, նոր հրատարակությունների և գրքերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց հրատարակչության ղեկավար Հովհաննես Այվազյանի հետ:

-Պարոն Այվազյան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունն այսօր ինչով է զբաղված, ինչ նոր հանրագիտարան է պատրաստվում լույս ընծայել:

-Մեր հրատարակչությունն աշխատանքներ է կատարում պետական պատվերով: Հանրագիտարանները բավականին երկար են ստեղծվում, մենք անցյալ տարի հայ գրատպության  500-ամյակի առթիվ «Հայ գրատպության և գրքարվեստի հանրագիտարան» ենք պատրաստել և այդ գրքի հոդվածներն արդեն ավարտական փուլում են, պատրաստվում ենք էջկապ անել: Գիրքը ներառում է ոչ միայն տպագիր շրջանի, այլև Մեսրոպ Մաշտոցի և մեր գրավոր մշակույթի պատմությունը: Ուշադրություն է դարձվելու այն մարդկանց վրա, որոնք գիրք են ստեղծել, պատկերազարդել են, գրել, սրբագրել և տպագրել են` պատմիչներ, գրիչներ, ծաղկողներ, տպագրիչներ, տպարաններ և մեր օրերում արդեն հրատարակչություններ: Այնպիսի արժեքներ ունենք, որոնց կողքով անտարբեր անցնել չի լինի, պետք է ոչ թե մեկ հատոր լինի, այլ` 10-ը, բայց փորձել ենք ոչինչ բաց չթողնելով ներկայացնել առայժմ մեկը պատրաստել:

Տարեվերջին կտպագրենք, ազդանմուշը կունենանք: Զուգահեռ ստեղծում ենք նաև հանրագիտական բառարան, որը կլինի մի քանի հատորով: Ցանկություն ունենք նաև 12 հատորանոց «կանաչ» հանրագիտարանը վերահրատարակել: Այն արդեն 40-ից ավելի տարվա պատմություն ունի, ժամանակաշրջանը փոխվել է, երկիրը հասարակարգային փոփոխության է ենթարկվել: Նոր ժամանակների համար նոր հանրագիտարան է պետք պատրաստել: Ֆինանսական դժվարությունների պատճառով գործը դեռ գլուխ չի գալիս, սակայն այս տարի ակադեմիան հաստատեց, որ ժամանակն է հարցը լուծել: Ռուսաստանն արդեն թարմացրել է իր հանրագիտարանը, արդեն 20 հատոր պատրաստել են: Այսօր շատ երևույթներ էլ կան, որ չունենք նախորդներում, համակարգիչներ են ի հայտ եկել:

- Դուք ստեղծել եք նաև Հայկական հանրագիտարանի օնլայն տարբերակը` encyclopedia.am կայքը: Որքանով է այսօր ավելի հեշտացել տեղեկատվության փոխանցումը:

- Ժամանակին բավական դժվար էր անգամ գիրք տպագրել: Այսօր ամեն ինչ ավելի հեշտ է դարձել համակարգչի շնորհիվ: Մենք ազատվել ենք գործարանային գործունեությունից: Բնագիրը, էջկապը պատրաստում ենք, սկավառակի վրա տեղադրում: Մենք հսկայական հեղաշրջում ենք ապրել: Մեր հրատարակած գրքերի նյութերը և դպրոցական հանրագիտարանն ենք տեղադրել համացանցում, որովհետև շատերը կան, որ գիրքը ձեռք բերելու հնարավորություն չունեն: Wikipedia-ում էլ ենք նյութեր տեղադրելու: «Կանաչ» հանրագիտարանը և բոլոր բոլոր մնացած հանրագիտարանները պետք է թվայնացվեն և տեղադրվեն համացանցում: Ի դեպ, նշեմ, որ հաջորդ տարի կլրանա կանաչ հանրագիտարանի առաջին հատորի 40-ամյա հոբելյանը:

- Որքանով է հանրագիտարանն արդիական համակարգչային դարաշրջանում:

-Վերջերս հրատարակեցինք Հայաստան հանրագիտարանը և պատկերացրեք, որ այս համակարգչային դարաշրջանում գիրքը բավական լավ վաճառվում է: Պետք չէ ինձ հարցնել` ես էլեկտրոնային տարբերակին եմ կողմ, թե թղթի: Հանրագիտարանը պետք է գիտելիքի համար, կարևոր չէ` որ տարբերակով:

 

Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am