Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Doing Business: Ֆուրշետ առաջարկող փոքր ընկերությունը դարձել է հանրային սննդի մեծ կազմակերպություն

Doing Business: Ֆուրշետ առաջարկող փոքր ընկերությունը դարձել է հանրային 
սննդի մեծ 
կազմակերպություն

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին «Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը հանրային սննդի սպասարկման ընկերության ղեկավար Հասմիկ Բարխուդարյանն է, ով սկսնակներին խորհուրդ է տալիս մշտապես վերլուծություն կատարել, մանավանդ` գործը սկսելուց առաջ: 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային սննդի սպասարկման «Արիես քեյթրինգ» ընկերությունն այսօր շատ հայտնի և մեծ պահանջարկ ունեցող ընկերություն է: 45-ամյա Հասմիկ Բարխուդարյանն այն հիմնադրել է 15 տարուց ավելի առաջ: «Դեռ ճգնաժամային տարիներն էին, մութ ու ցուրտ ժամանակն էր: Ինձ մոտ միտք առաջացավ ստեղծել ֆուրշետներ տրամադրող ընկերություն: Մարդիկ ծիծաղում էին, թե` ժողովուրդը 2-3 ժամ հոսանք է ունենում, դու ցանկանում ես ֆուրշետներ տրամադրել: Ուտելու բան չկա, մենակ մակարոն է, իսկ դու որոշել ես կանապեներ, կոկտեյլ, փարթիներ կազմակերպել»,- հիշում է Բարխուդարյանը:

Սակայն, ինչպես ինքն է բնորոշում, որոշել է սկսել դժվարություններով, քան հետագայում «մուտքի տոմսը թանկ գնել»: Նա հավատացել է, որ ամբողջ երկիրն օրերից մի օր առաջ է շարժվելու, այլ ոչ թե դոփելու է նույն տեղում: Սկսել է տնային պայմաններից: «Տարեկան որ մեկ-երկու պատվեր էի ունենում, շատ-շատ ուրախանում էի»,- ասում է կին ձեռնարկատերը: Գործունեության երրորդ տարվանից սկսած`արդեն «շնչելու ժամանակ էլ չէր լինում», հիշում է գործարարը: Դրան նա հասել է մեծ ջանքերի շնորհիվ: Մարկետինգը, գովազդային արշավները և իրազեկության բարձրացումն անձամբ է կատարել` այցելելով դեսպանատներ, միջազգային և տեղական կազմակերպությունների գրասենյակներ:

15 տարիների ընթացքում փոքր տարածքների վարձակալումից ընկերությունը դարձել է հանրային սննդի մեծ կազմակերպություն, իսկ սեփականատերը որոշել է նաև բացել ճաշարանների ցանց: Մասնագիտությամբ ինժեներ Հասմիկ Բարխուդարյանը սննդի սպասարկման բիզնեսը սկսելուց առաջ, քաջ իմանալով, որ կարողանում է համեղ կերակրատեսակներ պատրաստել, մոտ երկու տարի ուսումնասիրել է բազմաթիվ բաղադրատոմսեր, փորձել է պատրաստել դրանք: Կայանալու հարցում շատ է օգնել նույնպես ինժեների մասնագիտություն ունեցող ամուսինը` Ավետիք Ղուկասյանը: «Ինքը հավատում էր, որ կլինի, ու մեր փոքրիկ գումարներն էլ, որ ունեինք, ներդրեցինք բիզնեսի մեջ և հաջողեցինք»,- նշում է Բարխուդարյանը:

Հասմիկ Բարխուդարյանի համար անցած 15 տարիների ընթացքում ամենամեծ դժվարությունը եղել է բիզնեսն ընտանիքի հետ համատեղելը: «Որպես կին` կարող եմ դա նշել: Երեք երեխա ունենք, աշխատելու ժամանակ հղի էի, վազվզում էի աշխատանքից տուն, խնամում երեխաներին: Դա է եղել ամենամեծ դժվարությունը, թե չէ` մնացածը այդքան բարդ չէ»,- նշում է նա: Բարխուդարյանը կարողացել է ստեղծել աշխատողների ամուր թիմ: «Պետք է աշխատողներին սկզբում ինչ-որ բան տաս, հետո պահանջես: Մենք մեծ գումարներ ենք ծախսել աշխատողների վերապատրաստման համար: Արտասահման ենք ուղարկել, արտասահմանից խոհարարների ենք բերել»,- նշում է գործարար, երեք երեխաների մայր Հասմիկ Բարխուդարյանը: Նա 2013թ. ապրիլի 5-ին ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար 2013» մրցանակաբաշխության շրջանակում ստացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի հատուկ մրցանակը:

Հավատը և համառությունը, Բարխուդարյանի խոսքով, իր հաջողության գրավականն են: Հաջողության հասնելու համար իրեն օգնել է նաև ինժեների կրթությունը և համակարգային մտածողությունը: «Երբ դու մտնում ես համակարգ, իսկ այդ համակարգն ինձ համար դժվարություններով լեցուն էր, պետք է գիտակցես, որ այնտեղից երկու լուծում կա: Դու պետք է գտնես ամենաօպտիմալը»,- նշում է նա:

Սկսնակներին փորձառու գործարարը խորհուրդ է տալիս մշտապես վերլուծություն կատարել, մանավանդ` գործը սկսելուց առաջ: «Եթե նույնիսկ հաջողության մի փոքր շանս կա, պետք է ռիսկի գնալ»,- ասում է: Համառությունը և ռիսկը մեծ նշանակություն ունեն: Առանց դժվարությունների ոչինչ չի լինում, սակայն պետք է չվախենալ:

Դժվարություններից մեկն էլ, ըստ Հասմիկ Բարխուդարյանի, այն է, որ փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում չունի այն լայն արտոնությունները, որոնք կան աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում: «Կառավարությունը պետք է ձգտի, որպեսզի փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում կազմի ավելի քան 90 տոկոս, այդպես է ամբողջ աշխարհում: Հատկապես փոքր ընտանեկան բիզնեսներին պետք է ուշադրություն դարձվի»,- վստահ է ինժեներ-գործարարը: Միայն նրա համար, ըստ նրա, որ այդքան մարդ կարող է զբաղված լինել և պետությունից նպաստ չի խնդրի, դա արդեն պետք է պետության համար առիթ դառնա ոլորտը հախուռն զարգացնելու համար:

Իր բիզնեսը ևս Հասմիկ Բարխուդարյանն ընտանեկան է համարում: Սակայն չի պատրաստվում երեխաներին պարտադրել զբաղվել իր բիզնեսով: «Եթե չուզեն զբաղվել, դա իրենց գործն է, ես չեմ պարտադրի»,- ժպտում է կին գործարարը: Կանանց, ասում է, տղամարդիկ այստեղ պետք է գլխի վրա պահեն: Մեր կանայք, ըստ նրա, դրսի կանանց նման էգոցենտրիկ չեն, այլ մինչև վերջ նվիրվում են թե ընտանիքին, թե բիզնեսին և թե աշխատանքին:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am