«Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումը պաշտոնապես կբացվի հունիսի 30-ին
ԳՅՈՒՄՐԻ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նույն օրը Գյումրիին կհանձնվի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը:
Ըստ նախնական ծրագրի` միջոցառումը տեղի էր ունենալու հունիսի 2-ին, սակայն այս ընթացքում անբարենպաստ եղանակի պատճառով քաղաքում փողոցների հիմնանորոգման աշխատանքները ձգձգվեցին: Բացի այդ, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի պարզաբանմամբ, հաշվի առնելով այն, որ միջոցառումը բացօթյա է, եւ այդ օրերին, ըստ եղանակային կանխատեսումների, հնարավոր է անձրեւ, միջոցառումը նախապես հայտարարված հունիսի 2-ի փոխարեն կանցկացվի հունիսի 30-ին:
«Ընդհանուր առմամբ, միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ըստ ժամանակացույցի նորմալ ընթանում են: Հարյուրավոր հյուրեր ենք ունենալու եւ փորձում ենք ամենի ինչ նորմալ կազմակերպել: Ինչ վերաբերում է նախատեսված միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին՝ այս պահին նախահաշիվներն արդեն ՀՀ ֆինանսների նախարարությունում են, սպասում ենք ՀՀ կառավարության որոշմանը: Բայց մինչ այդ Գյումրու բոլոր համույթները, անհատ կատարողներն արդեն փորձեր են տանում: Այդ օրը Գյումրիում գործող բոլոր մշակութային կառույցները կներկայացնեն Գյումրու մշակույթը»,-նշեց Ռուբեն Սանոյանը:»Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները կֆինանսավորվեն Գյումրու քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պահուստային ֆոնդի եւ ԱՊՀ «Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ»-ի միջոցներով:Ըստ Ռուբեն Սանոյանի` սպասվածից ավելի շատ հյուրեր են ցանկություն հայտնել մասնակցելու միջոցառմանը, եւ այդ նպատակով քաղաքում իրականացվում է հյուրանոցների, սպասարկման օբյեկտների մոնիտորինգ՝ քաղաքի իրական հնարավությունները հստակեցնելու նպատակով :
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում