Ավելի քան վեց տասնյակ երկրների դիվանագետներ հյուրընկալվել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդելում կայացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունը վերջին 4 տարիներին ստանձնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Ամենամյա այս հանդիպումը Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսի համար բացառիկ հնարավորություն է` ընդլայնված կազմով քննարկել ընդհանուր խնդիրները, խոսել նաև բազմակողմ գործակցության հնարավորությունների մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հավաքին մասնակցել են ավելի քան վեց տասնյակ երկրների դիվանագետներ: Այս ամենամյա հավաքը միակ միջոցառումն է, որն անցկացվում է օտարերկրյա դիվանագետների նման մեծ կազմով: Քննարկման օրակարգում էին Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսի կանոնադրության փոփոխության հարցը, ամերիկյան շրջանակների հետ տնտեսական կապեր ստեղծելու և միջազգային առևտուրը խթանելու թեմաները:
Դիվանագետների հավաքին մասնակցել է նաև Լոս Անջելես մարզի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը, որը հանդիպման բանախոսն էր: Անցյալում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուրն են եղել Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանը, ԱՄՆ նավատորմի նախկին քարտուղար Փոլ Իգնատիուսը:
Հյուպատոսական հավաքն ընթացել է ջերմ մթնոլորտում: Հանդիպման վերջում օտարերկրյա դիվանագետները վայելել են հայկական երաժշտություն և հայկական խոհանոցի խորտիկներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում