Սփյուռք

Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը

3 րոպեի ընթերցում

Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել պատրիարքարանի Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Ինչպես հաղորդում է Երուսաղեմում«Արմենպրես»-ի թղթակից, Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ստացել է 17 կողմ ձայն: Իսկ նրա մրցակից` պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն ստացել է 15 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներ:

Պատրիարքի ընտրությունն անցկացվեց երկու փուլով. Հունվարի 23-ին գաղտնի քվեարկությամբ հինգ թեկնածուներ էին ընտրվել, այսօր` նրանցից մեկը` ձայների մեծամասնությամբ: Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն միաբանության կուսակրոն անդամները՝ երեսուներեք հոգևորական:Համաձայն Երուսաղեմի Ուխտի կանոնադրության (1882թ.)՝ պատրիարքի թեկնածու կարող են լինել Սրբոց Հակոբյանց միաբանության երեսունհինգ տարին լրացած վարդապետներն ու եպիսկոպոսները: Հունվարի 25-ին պատրիարքարանում կանոնադրական բարեփոխումների մասին ժողով կգումարվի:

Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել լուսահոգի ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի(1990-2012)վախճանից հետո:

Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948 թ. հուլիսի 22-ին, Հալեպում: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում:

1961թ. ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը:

1966 թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց ժառանգավորաց վարժարանը:

1968 թ. հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:

1971թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա:

1971-1972թթ. ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր: 1975 թ. նույն վարժարանի տեսուչն էր:

1972-1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի (Ժնեւ) հայոց թեմի հոգեւոր հովիվ:

1973-ին ստացել է վարդապետական աստիճան:

1974-1980 թթ. Իսրայելի (Հայֆա-Յաֆա) հոգեւոր հովիվն էր:

1980-ին Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում եւ ավարտել եռամյա դասընթացը:

1994-ին եղել է Հյուսթընի (Թեքսաս նահանգ) Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ:

1998 -ին Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:

1999 թ. դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:

2009 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոսին նշանակեց պատրիարքական փոխանորդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում