Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սոս Սարգսյանի նոր գիրքը պատմում է ոտնամաններ ունենալու նրա մանկության երազանքի մասին

Սոս Սարգսյանի նոր գիրքը պատմում է ոտնամաններ ունենալու նրա 
մանկության երազանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված հայ դերասան Սոս Սարգսյանը թղթին է հանձնել իր մանկության եւ պատանեկության հուշերը: Արդեն տպագրվել է նրա «Ոտնամաններս» գիրքը, որտեղ ամփոփված են հեղինակի մանկության հիշողությունները Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիների, հատկապես` անթերի ոտնամաններ ունենալու եւ ոտքերը չսառչելու երազանքի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սոս Սարգսյանը, երբ «Ոտնամաններս»-ին ասում են գիրք, մի տեսակ է լինում` մտածելով, որ դա ստվարածավալ չէ, փոքր է եւ մի քիչ գիրք ասելը շատ կլինի դրա համար (ծիծաղում է), բայց դե, միեւնույն է, այն արդեն լույս է տեսել: «Իրականում ես սրանով ոչ մի բան չէի ուզում ասել, սրանք ինձ տանջող բաներ էին եւ գուցե այս գրվածքով ազատվեմ դրանցից: Դուռս խուփ անելու ժամանակն է… մի քիչ թեթեւացած գնամ»,- ասում է Սոս Սարգսյանը` կասկածանքով, քանի որ վստահ է` հիշողը սիրտն է, մարդու սիրտն էլ չի փոխվում, բնավորությունը, մտածելակերպը փոխվում է, սիրտը` ոչ:

«Իհարկե, մեր անձեւ ժամանակները, «անժամանակ» ժամանակները, չարժե կյանքի խորքերը գնալ, ինչ-որ շերտեր փորել, իմաստներ գտնել: Ինչի՞ համար, ո՞ւմ համար. դրա սպառողը չկա: Այդ անողն էլ ես չեմ, իսկական գրողներ կան: Ես հավեսի համար, եթե շատ անկեղծ լինեմ, հավեսի համար գրեցի»,- պատմում է Սոս Սարգսյանը` հավելելով, որ որպես ազատ ստեղծագործող ինքը միշտ էլ այդպիսին է եղել: «Ամբողջ կյանքում արել եմ այն, ինչ ուզել եմ, ինչ խելքս փչել է` դերեր խաղալիս, մի բան գրելիս: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս` ինչ որ անում եք, հավեսով արեք, մեծ հավեսով, մի բան դուրս կգա»,- խորհուրդ տվեց մեծ դերասանը:

Մանկության հիշողությունները վերապրելու եւ դրանք թղթին հանձնելու պահանջը հանկարծակի առաջացել է հիվանդ ժամանակ: «Մանկական հուշերն անսպառ են, անվերջանալի: Ինչքան ասես, կարող ես վերհիշել: Երբ գրում էի հասկացա, թե ինչ անսասան, անհաղթահարելի, վիթխարի ուժ է մանկությունը. մանկությունը հաղթահարել հնարավոր չէ: Մանկությունն ամեն իմաստով եւ հարուստ է, անվերջանալի է, եւ ինչքան էլ ծանր լինի, շատ քաղցր բան է»,- նշեց նա: Սա գիրք է ոտնամաններ ունենալու եւ ոտքերը չսառչելու երազանքի մասին. ժամանակներն էին այդպիսին:

«Շատ դժվար է իմ տարիքի մարդուն պատմել ջահելությանը մեր ապրելաձեւի, կենցաղի մասին: Ես երբեմն ապշում եմ` առանձնապես շատ տարիներ չեն անցել, բայց այսպիսի փոփոխություններ, նոր-նոր բաներ: Հիմա ով կհավատա, որ մարդը շաբաթներով կիսաքաղց է: Չգիտեմ կա այդպիսի մարդ, թե ոչ: Այժմ մուրացկանություն են անում եւ փող են ուզում, ոչ հաց»,- նշեց Սոս Սարգսյանը: Դերասանը հիշում է, երբ 3-4 տարեկան էր, հայրն իրեն գրկել է, քուրքի մեջ դրել եւ տարել Ստեփանավանի ամբուլատորիա: «Ինչ-որ հիվանդ էի, չեմ հիշում արդեն, ցույց տվեց ինձ բժշկին, հետո մտավ խանութ, ինձ թողեց այդտեղ եւ ստիպեց, որ չշարժվեմ: Իսկ դրսում տղաները սղարան էին պատրաստել եւ սահում էին: Ես ինձ միանգամից դուրս գցեցի ու մասնակցեցի այդ խաղերին: Ես սղում էի գուլպաներով: Հետո հայրս շատ բարկացավ ինձ վրա: Նոր միայն հիշեցի, թե հայրս ինչու էր ինձ գրկել, նա գրկող տղամարդ չէր, դու մի ասա` կոշիկ չունեի»,- խոր կսկիծով հիշում է Սոս Սարգսյանը:

Կոշիկ չունենալու հանգամանքը լուրջ ազդեցություն է ունեցել նաեւ մեծ արտիստի հոգեբանության վրա: «Ստեփանավանը շատ գեղեցիկ աղջիկներ ուներ, մանավանդ ամառը գալիս էին Երեւանից, Թբիլիսիից, գալիս էին ու լցվում: Այդ ժամանակ ֆիզիկական ցավին ավելանում էր նաեւ հոգեբանական հարվածը` կիսահագնված, կիսակոշիկ, կիսա-կիսա, ամեն ինչը մի կերպ հարմարեցրած էր: Ամոթ էր, եւ ես շատ-շատ էի հոգեպես ճնշվում»,- հիշում է նա: Այն հարցին, թե գիրքը ե՞րբ կհանձնվի ընթերցողի դատին` Սոս Սարգսյանը դժվարանում է պատասխանել` «երբ Աստված կամենա, երբ առողջականը թույլ տա»: «Պարզվում է, որ մահանալն էլ դժար գործ է, այդքան էլ հեշտ չէ»,- եզրափակում է նա:

Զրուցեց Արուսիկ Զախարյանը

«Արմենպրես»-ը ներկայացնում է հատվածներ «Ոտնամաններս» գրքից:

Պատերազմ է, բնական է, որ ամեն ինչի պակասություն կա. Ուտելիքի, հագնելիքի…տաքության: Ու ես ոտնաման չունեմ: Կարգին ոտնաման չունեմ, էդ պատճառով էր, որ անձրեւը, ինձ թվում էր, թե ի հեճուկս ինձ էր թափվում, թե իմ անձնական թշնամին է` դաժան, անխիղճ: Ուզում է ինձ աշխարհքից վերացնել: Իրականում, մի ամբողջ պատերազմ ու հետո էլ իմ ոտքերս թաց էին: Էս մեր ժամանակներում ինձ ո՞վ կհասկանա, հիմա ո՞վ է բոբիկ, որ…

…Դպրոց չհասած, արդեն ոտներս ջրի մեջ ճպճպում էին: Դասարանում մարմնովս մեկ կպչում եմ բարձրաբոյ, սեւ ներկած թիթեղյա վառարանին` մեջքս չորացնում: Իսկ ոտներս… Հո չեմ կարող դասարանի առաջ բոբկանալ, թե ինչ է, ոտներս տաքացնում եմ: Մինչեւ դասերի վերջը մի քիչ ցամաքում էին, էն էլ իմ մարմնի, այսինքն` խեղճ ոտներիս հաշվին:

…Մինչեւ օրս չեմ մոռանում հորս խեղճացած, մեղավոր ձայնը: Չեմ մոռանում էդ բատինկաները… Չեմ մոռանում ու իմ էության մեջ մինչեւ հիմա ապրում է (զարմանք բան) ռսի ծնած աղջիկը… նրա կանաչակապույտ աչքերը, լուսնյակ դեմքը, հոլանի կռները, բուրմունքը… Չսպիացող վերք, ժամանակ առ ժամանակ ցավ է տալիս ու ես տնքում եմ: Չեմ մոռանում, ախր ո՞նց մոռանամ… հերթով հագած իմ ոտնամանները, իմ գրեթե միշտ թաց ոտները (ներեք ինձ, տանջված իմ ոտներ): Չեմ մոռանում Լոռվա երկինքը` վիհերը բացված: Չգիտեմ` բնական են մանկությանս, պատանեկությանս հուշերը, չգիտեմ: Կան ու վերջ, ոնց ուզում ես հասկացիր… Հիմա գրեցի` ինչ եմ ուզում ասել սրանով…. ՈՉ ՄԻ ԲԱՆ…

 

Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am