Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առողջապահության ոլորտում հերթական աղաղակող չարաշահումներն են բացահայտվել

Առողջապահության ոլորտում հերթական աղաղակող չարաշահումներն են 
բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության բնագավառում ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են խոշոր չարաշահումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ առողջապահության նախարարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցեց, որ առողջապահության ոլորտում իրականացված պետական գնումների ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են պետական միջոցների հաշվին կատարված 84,2 մլն դրամի չհիմնավորված գնումներ և 140 մլն դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով բուժհիմնարկների ղեկավարներին, նշեց. «Ակնկալում ենք, որ այսուհետ ցույց կտաք աշխատավարձերի իրական թիվը, կվերացնեք ստվերային աշխատավարձի միտումները եւ կտրուկ կբարձրացնեք բուժաշխատողների աշխատավարձերը, որովհետեւ դրա հնարավորություններն իրական են»:

Կառավարության ղեկավարը խորհուրդ տվեց գործել հարկային դաշտում եւ չընկնել ռիսկային բուժհաստատությունների ցանկում, հակառակ պարագայում` տվյալ բուժհաստատությունները կզրկվեն պետական ֆինանսավորումից, գործունեություն իրականացնելու լիցենզիայից, եւ ստիպված կլինեն ներգրավվել ստուգումների լուրջ գործընթացում: «Մի թույլ տվեք, որ գնանք լուրջ ստուգումների, դեռեւս չենք ցանկանում կիրառել քրեական հոդվածներ»,-ասաց վարչապետը: Դիմելով առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին` Տիգրան Սարգսյանը նշեց, որ նախարարը վճռական գործողություններ իրականացնելու լայն հնարավորություններ ունի եւ այդ ճանապարհին կառավարությունը սատարելու է նրան:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ բուժհաստատություններում մասշտաբային բնույթ են կրում շահութահարկից խուսափելու դեպքերը, ինչպես նաեւ զանգվածայնորեն չեն հաշվառվել քաղաքացիներին մատուցված բուժծառայությունները: ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ համակարգում իրականացվում են լուրջ ստուգումներ, իսկ յուրաքանչյուր բացահայտման դեպք արժանանալու է խստագույն պատժի:   

Առողջապահության նախարարությունը 2009 թվականից իրականացրել է ուռուցքաբուժության բնագավառում կիրառվող «Քսելոդա» /«Կապեցիտաբին»/ տեսակի դեղորայքի չորս գնում, ընդ որում` հունիսին 1-ին դեղահատի գինը կազմել է 2670 դրամ, իսկ սեպտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի գնումներով՝ 1875 դրամ: Ձեռքբերված դեղորայքի ամբողջ խմբաքանակը մատակարարվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնին: Միաժամանակ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի կողմից ինքնուրույն` ուղղակի գնման ձևով նույն դեղորայքը 2009 թվականի փետրվարին ձեռք է բերվել 1167 դրամով։ Այսինքն, առողջապահության նախարարության կողմից ձեռքբերված դեղորայքի գինն էականորեն ավելի բարձր է հիվանդանոցի կողմից ուղղակիորեն գնված միևնույն դեղորայքի գնից:

Սոնա Ղարիբյանի տեղեկացմամբ, միաժամանակ, ձեռքբերված «Ալիմտա» դեղորայքի պիտանելիության ժամկետում սպառման ցածր տեմպերը հանգեցրել են ավելի քան 140 մլն դրամ պետական միջոցների հնարավոր կորուստների` անարդյունավետ ծախսերի, որը պայմանավորված է նախարարության կողմից առանց համապատասխան մոնիտորինգի իրականացման, առանց կոնկրետ դեղի պահանջարկն ուսումնասիրելու կատարված չհիմնավորված գնումներով:

Արձանագրվել է նաև հակառակ երևույթը։ Օրինակ` հոգեբուժական ծառայությունների մատուցման բնագավառում խիստ անհրաժեշտ «Զիպրեքսա» դեղամիջոցը վերջին երեք տարիներին պարբերաբար գնվել է մոտ 250 հիվանդի պահանջարկով, սակայն իրական պահանջարկը կրկնակի ավելի է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]