Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում». 21-ամյա անկախ Հայաստանի Ազգային հերոսները 15-ն են

«Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում». 21-ամյա անկախ Հայաստանի 
Ազգային հերոսները 15-ն են

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում». ասվածն ավելի քան տեղին է, երբ խոսքն այն հայորդիների մասին է, ովքեր երկրի պաշտպանության ու իրավակարգի ամրապնդման, ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում իրենց դերն ու նշանակությունն են ունեցել: Իսկ Հայաստանին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար հայորդիները պարգեւատրվում են բարձրագույն` Հայաստանի Ազգային հերոս կոչումով:
   «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մինչ այսօր այդ բարձրագույն կոչումով են պարգեւատրվել 14 հայորդի եւ մեկ ռուս` Հայաստանին մատուցած ծառայությունների համար: «Հայաստանի Ազգային հերոս» ՀՀ պետական բարձրագույն կոչումը սահմանվել է 1994 թվականի ապրիլի 22-ին ընդունված ՀՀ օրենքով: Շնորհվում է ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար: Հայաստանի Ազգային հերոսի կոչումն առաջինը շնորհվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին (28.7.1994 թ.), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին (14.10.1994 թ.), Հայկական Բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանին (14.10.1994 թ.):


ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել յոթ ազատամարտիկի՝ Մովսես Գորգիսյանին, Վիտյա Այվազյանին, Գեղազնիկ Միքայելյանին, Մոնթե Մելքոնյանին, Ջիվան Աբրահամյանին, Թաթուլ Կրպեյանին, Յուրա Պողոսյանին: ՀՀ նախագահի 1999 թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում 1999 թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ վարչապետ Վազգեն Սարգսյանին:
ՀՀ նախագահի 2004 թ. մայիսի 27-ի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Շառլ Ազնավուրին և Քըրք Քըրքորյանին: ՀՀ նախագահի 2008 թ. դեկտեմբերի 6-ի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել ԽՍՀՄ պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, հայ ժողովրդին դժվարագույն պահերին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար:
«Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am