«Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում». 21-ամյա անկախ Հայաստանի Ազգային հերոսները 15-ն են
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում». ասվածն ավելի քան տեղին է, երբ խոսքն այն հայորդիների մասին է, ովքեր երկրի պաշտպանության ու իրավակարգի ամրապնդման, ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում իրենց դերն ու նշանակությունն են ունեցել: Իսկ Հայաստանին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար հայորդիները պարգեւատրվում են բարձրագույն` Հայաստանի Ազգային հերոս կոչումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մինչ այսօր այդ բարձրագույն կոչումով են պարգեւատրվել 14 հայորդի եւ մեկ ռուս` Հայաստանին մատուցած ծառայությունների համար: «Հայաստանի Ազգային հերոս» ՀՀ պետական բարձրագույն կոչումը սահմանվել է 1994 թվականի ապրիլի 22-ին ընդունված ՀՀ օրենքով: Շնորհվում է ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար: Հայաստանի Ազգային հերոսի կոչումն առաջինը շնորհվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին (28.7.1994 թ.), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին (14.10.1994 թ.), Հայկական Բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանին (14.10.1994 թ.):