Կազմակերպիչները վստահեցնում են` «Դորիանս»-ի համերգը երաժշտության ոլորտում նոր խոսք է լինելու
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դորիանս» ռոք խումբն ակտիվորեն նախապատրաստվում է աշխարհահռչակ երաժիշտ Դերեք Շերինյանի (Dream Theatre, X-Planet) հետ համատեղ համերգին, որը կայանալու է սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը նշեց, որ համերգի փորձերը տեղի են ունենում ամեն օր եւ տեւում են 8-10 ժամ: «Հույս ունենք, որ համերգին ներկա գտնվող հանդիսատեսը, իսկապես, հաճույք կստանա»,- ասաց Գեւորգյանը: Նա վստահեցնում է, որ համերգը տարբերվելու է որակով եւ երաժշտության բնագավառում նոր խոսք է լինելու:
Համերգի հատուկ հյուրն է Deep purple աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ եւ բաս կիթառահար Գլեն Հյուզը: «Երաժշտական տեսանկյունից կայանալիք համերգը, աշխարհահռչակ երաժիշտների հետ համագործակցությունը` մեզ համար առաջին հերթին մեծ փորձ է»,- «Արմնեպրես»-ին ասել էր խմբի մենակատար Գոռ Սուջյանը:
Համերգի տոմսերի վաճառքը սկսվել է հուլիսի կեսերին. տոմսերի գները տատանվում են 5000-10 000 դրամի սահմաններում: Խմբի պրոդյուսերը նշեց, որ տոմսերի մեծ մասը սպառվել է: Համերգի ընթացքում հնչելու են խմբի Fly ձայնասկավառակի, ինչպես նաեւ նոր ինստրումենտալ երգեր: Երաժիշտները կներկայացնեն նաեւ մի քանի երգ Deep Purple-ի երգացանկից:
2009 թվականին«I can fly» երգովմասնակցելով«Եվրատեսիլ» երգի մրցույթի հայկական նախընտրական փուլին` «Դորիանս»-ն իր եւ հայկական ռոքի համար բարձր վարկանիշ ապահովեց: Այս տարվա հունվարին խումբը ներկայացավ «Եվրատեսիլ»-ի համար գրված` «This is our world» երգով, որը թեեւ չհնչեց Բաքվի բեմից, սակայն հասցրեց սիրվել հայ երաժշտասերների կողմից: