ԱԺ-ում քննարկել են դեպի ծով ելք չունեցող երկրների միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու հարցը
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, Արտակ Զաքարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 6-ին քննարկել է 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «Օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից, փոխնախարարը նշել է, որ համաձայնագրի նպատակն է ապահովել օդային տարածքի անվտանգ օգտագործման, ահաբեկչության հակադրման եւ օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման միասնական մոտեցում:
Արա Նազարյանը ներկայացրել է նաեւ 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության եւ հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագիրը, որով կողմերը համաձայնեցված միջոցառումներ են նախաձեռնելու` զարգացնելով Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության եւ հերոսության հիշատակի հավերժացման գործում մարդասիրական համագործակցությունը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է 2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման եւ դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում ստեղծել համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգեր` բնակչությանը ցուցաբերելով որակյալ եւ հանրամատչելի բժշկական օգնություն:
Հանձնաժողովը քննարկել է նաև 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշել է, որ պայմանագրի նպատակն է ստեղծել ազատ առեւտրի գոտի, որը կնպաստի ապրանքների ազատ տեղաշարժմանը, ինչպես նաեւ սահմանել առեւտրային ռեժիմի առանձնահատկությունները եւ կարգավորել դրա կիրառման հետ կապված հարաբերությունները:
Տիգրան Դավթյանը ներկայացրել է նաեւ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին» բազմակողմ համաձայնագիրը, որի նպատակն է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ստեղծել միջազգային գիտահետազոտական կենտրոն` կիրառելով վերջինիս բարձրորակ հետազոտության արդյունքները:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել է 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը, որով հստակեցվում է ՀԱՊԿ կանոնադրության 7-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված` ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին որոշումների ընդունման մեխանիզմը:
ՀՀ կառավությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է 1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում ստորագրված «Մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիան, որի նպատակն է նպաստել առեւտրի եւ փոխանակումների զարգացմանը` պարզեցնելով եւ ներդաշնակեցնելով մաքսային ընթացակարգերն ու գործելակերպը, խթանելով միջազգային համագործակցությունը:
2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման եւ դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Նշվել է, որ համաձայնագրի նպատակն է մարդու եւ քաղաքացու անձնական տվյալները մշակելիս ներդաշնակեցնել նրա իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն ապահովող նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման գործընթացը:
2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում եւ նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրել է, որ արձանագրության նպատակն է փոփոխություններ եւ լրացումներ կատարել 1996 թ-ի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում եւ նրան կից արձանագրությունում` հաշվի առնելով պայմանավորվող պետություններում տեղի ունեցած տնտեսական եւ իրավական փոփոխությունները:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը ներկայացրել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի պետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է խթանել երկու կողմերի միջեւ օդային հաղորդակցությունների զարգացումը` նպաստելով այս բնագավառում միջազգային համագործակցությանը:
Պատգամավորները քննարկել են նաեւ 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությունը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նա նշել է, որ կոնվենցիայի փոփոխության վավերացումը ՀՀ-ին հնարավորություն կտա միջուկային տեղակայանքների նկատմամբ կիրառել ֆիզիկական պաշտպանության ընդհանուր սկզբունքները:
Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը: