Պաշտոնական

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն Ադրբեջանի պահվածքը խիստ պրոբլեմատիկ է որակել

4 րոպեի ընթերցում

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն Ադրբեջանի պահվածքը խիստ պրոբլեմատիկ է որակել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել եվրոպական ժողովրդավարական, քրիստոնեական արժեքների տարածման ու ամրապնդման գործում հիմնադրամի կատարած մեծ աշխատանքն ու առաքելությունը:

Միաժամանակ նրանք ափսոսանք են հայտնել, որ այս հանդիպումը համընկել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովին ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու եւ ապա հայրենի իշխանությունների կողմից մարդասպանին արդարացնելու ու հերոսացնելու աղաղակող իրադարձության հետ, ինչը հակասում է միջազգային ու եվրոպական իրավական ու բարոյական նորմերին: Հունգարիայի կատարած այդ արարքը իրավացիորեն հայ ժողովրդի ու եվրոպական հանրության վրդովմունքի պատճառ է դարձել, իսկ Ադրբեջանի անօրինական քայլը կրկին հաստատել է նրա ֆաշիստական նկրտումները: ԱԺ պատգամավորները արձանագրել են, որ իբրեւ պահպանողական կուսակցության անդամներ, իրենք ակնկալում են միջազգային առաջադեմ կազմակերպությունների արդարացի գնահատականը կատարված փաստի վերաբերյալ:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանը կատարված փաստը մտահոգիչ է համարել իրենց համար եւս, քանի որ այն խոչընդոտում է նաեւ իրենց առաքելությանը: Նա հավաստիացրել է, որ այսօր-վաղը ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարությամբ հանդես կգան կատարված փաստի վերաբերյալ, քանզի Եվրամիությունը պատասխանատու է իր անդամ երկրի վարած քաղաքականության համար: Աթիլգանը Ադրբեջանի պահվածքը գնահատել է խիստ պրոբլեմատիկ եւ հավաստիացրել, որ ինքը հասկանում ու կիսում է հայ ժողովրդի մտահոգությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է սեպտեմբերի 22-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) նախաձեռնությամբ Վրաստանում տեղի ունենալիք համաժողովին Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցության հարցը: ՀՀԿ խմբակցության պատգամավորները նշել են, որ իրենք միշտ էլ ակտիվորեն են մասնակցել տարածաշրջանային ու միջազգային ծրագրերին, բայց կատարված վրդովեցուցիչ իրադարձությունները փոփոխություն են մտցրել տարածաշրջանային իրավիճակի մեջ ու հանգեցրել անվստահության ու անվտանգության պակասին: Ինչ վերաբերում է առաջիկայում այդ համաժողովին մասնակցելու առաջարկին, կուսակցությունը շուտով կքննարկի հարցը եւ կտա պաշտոնական պատասխան:

Տիկին Աթիլգանը տեղեկացրեց նաեւ, որ հիմնադրամը ցանկանում է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Բյորնզեն Վոլֆգանգի գրքի հայերեն թարգմանության ու հրատարակության ծրագիր իրականացնել ՀՀ Ազգային ժողովի հետ:

ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովի եւ իրենց կուսակցության անունից պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու հիմնադրամի բոլոր տեղական ծրագրերին, իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային միջոցառումներին, իրենք ձեռնպահ կմնան, քանի դեռ ԵՄ-ը եւ միջազգային հեղինակավոր կառույցներն արդարացի գնահատական չեն տվել հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող անօրինական փաստի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում