Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հունգարական արդարադատության նախարարությունը մեկնաբանել է Սաֆարովի էքստրադիցիան

Հունգարական արդարադատության նախարարությունը մեկնաբանել է 
Սաֆարովի էքստրադիցիան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությանը հավաստիացրել է, թե Ռամիլ Սաֆարովի պատժաչափը չի փոխվի, սակայն հունգարական իրավապահները գիտակցել են, որ արտահանձնումից հետո Սաֆարովի պատժաչափը տնօրինվելու էր բացառապես ադրբեջանական օրենսդրությամբ:

Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը: Նախարարությունը, վկայակոչելով Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons), նշում է, որ կոնվենցիային անդամակցած կողմերից մեկը կարող է իր երկրի տարածքում դատապարտված անձին հանձնել մյուս կողմին, որպեսզի նա ընդունող երկրի տարածքում կրի պատիժը: Ընդունող կողմը պատժի կրումը կամ դրա փոփոխումը տնօրինում է իր երկրի իրավական եւ վարչական գործընթացների համաձայն:

«Քանի որ Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան: Կոնվենցիայի համաձայն` փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը»,-նշեցին Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունից:

Պատասխանում ասվում է, որ ընդունող երկիրը պատիժն իրականացնելու  պարագայում պետք է կաշկանդված լինի դատապարտող երկրի վճռի իրավական բնույթով եւ պատժաչափով:

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հունգարական կողմին հավաստիացրել է, որ հանցագործությունը, որի համար պատիժ էր սահմանվել, այնպիսի հանցակազմ է պարունակում, որը, Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն, պատժվում է ցմահ ազատազրկման: Ցմահ դատապարտված անձինք կարող են ազատ արձակվել ամենաքիչը 25 տարի պատիժը կրելուց հետո:

Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունից նշել են, թե Բուդապեշտը գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:  

Բնօրինակը` անգլերեն բաժնում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am