ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի նոր դեսպանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա):
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ-ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ՀՀ նախագահի հրավերով հունիսին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցը և դրա շրջանակում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները՝ ուղղված մեծ ներուժ ունեցող հայ-ավստրիական քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-ավստրիական միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում դա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան, որը նոր որակ հաղորդեց երկկողմ համագործակցության օրակարգին:
Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը նաև բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի շրջանակներում:
Տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից զրուցակիցները կարևորել են Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում ծրագրեր իրականացնելու նպատակադրումը: