Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հանրապետությունում մեծ խանդավառությամբ նշվում է Վարդավառը

Հանրապետությունում մեծ խանդավառությամբ նշվում է Վարդավառը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տոնվում է երեխաների կողմից ամենասիրված, համաժողովրդական հետաքրքրություն վայելող եւ «ամենաթաց» տոնը` Վարդավառը: Այն հայկական ավանդական տոնակատարություն է, որի ժամանակ մարդիկ իրար վրա ջուր են ցողում, տարբեր խաղեր կազմակերպում: Վաղ առավոտից երեւանյան փողոցներում մանուկների աշխույժ մասնակցությամբ նշվում է տոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օր է նշում, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: 

Տոնի պատմությունը գալիս է դեռ հեթանոսական ժամանակներից: Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում եւ միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաեւ մեր օրերում: Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը`  մատնանշելով դրա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ»-ը կազմված է վարդ(ուարդ)-ջուր եւ վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Եվ իրոք, հուլիսին, այսինքն՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում եւ աստվածներից ջուր խնդրում:

Տոնի համն ու հոտը կազմում էին համատարած ջրցանությունները: Վաղ առավոտից իրար վրա ջուր էին լցնում բոլորը` ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Այս ամենն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով, խաղերով: Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահար երիտասարդները աղավնիներ էին թռցնում, ու թե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան: Մի փոքր այլ է պատկերը լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով է եւ ջրցանությունը Վարդավառի տոնակատարության մեջ միայն խորհրդանշական իմաստ ունի: Այդտեղ գլխավոր դերը ավելի շատ տրվում է կենդանական զոհաբերություններին, հեռավոր ուխտագնացություններին, ուրախություններին ու խնջույքներին: Վարդավառը, թերեւս միակ տոնն է, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու կարեւոր խորհուրդն ունի, եւ պատահական չէ, որ շատ շրջաններում այդ օրը պարտադիր գալիս են հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները: Այս ավանդույթներից ոմանք մարզերում պահպանվել են. տոնի առթիվ շարունակվում են մեծ խնջուքյներ կազմակերպվել:  

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am