ԱԺ նախագահն ու ԱՄՆ կոնգրեսականներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի կանոնների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին Հայաստան և Ազգային ժողով այցելելու համար` պարոն Նիկոյանը նշել է, որ այցը լավագույն առիթ է խորացնելու երկկողմ միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները: ԱԺ նախագահի խոսքով` անկախության հենց առաջին օրերից Միացյալ Նահանգները եղել է մեր պետության կողքին, աջակցություն ցուցաբերել հումանիտար, պետական, ինչպես նաև ժողովրդավարության ոլորտներում, ներգրավված է տնտեսության զարգացման գործում: ԱԺ նախագահը ընդգծել է հատկապես «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև հումանիտար ոլորտում գործակցությունը: Միայն այս բնագավառում Միացյալ Նահանգների ներդրումը վերջին 20 տարում կազմել է շուրջ 1,8 մլրդ դոլար, ինչը, Նիկոյանի գնահատմամբ, էական նշանակություն է ունեցել մեր պետության ու անկախության ամրապնդման համար: Նշվել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ներգրավված է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող կարևորագույն խնդիրների լուծման գործընթացում, մասնավորապես` ԼՂՀ հիմնախնդրի լուծման բանակցություններում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: «Որպես խորհրդարանական, ես կցանկանայի, որ Միացյալ Նահանգները նույնպիսի դիրքորոշում ունենար, ինչպիսին Կոսովոյի պարագայում, բայց առայժմ բավարարվում ենք այն մոտեցմամբ, որ ԱՄՆ-ն ունի այսօր»,-ասել է Նիկոյանը:
ԱԺ նախագահը ողջունել է նաև ԱՄՆ դիրքորոշումն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է հայ-թուրքական հարաբերություններում: Նրա խոսքով, ՀՀ Նախագահը դիմել է վճռական քայլի` ընդառաջ գնալով հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նիկոյանը նշել է, որ ՀՀ դիրքորոշումը, որը պաշտպանվում է նաև միջազգային հանրության ու ԱՄՆ կողմից, հստակ է` առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում, որը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից: Բայց Թուրքիան սկսել է նախապայմանների լեզվով խոսել, և պարզ է դարձել, որ այս գործընթացն առաջընթաց չի ունենա: ԱԺ նախագահը տեղեկացրե է, որ արձանագրությունների վավերացման հարցը դեռևս գտնվում է Հայաստանի խորհրդարանի օրակարգում: «Դրանով մենք մեր հարգանքն ենք ցուցաբերում միջազգային հանրությանը, որը ջանքեր գործադրեց, որպեսզի այդ հարցերը լուծվեն»,-նշել է Նիկոյանը: Ըստ նրա, մնում է հուսալ, որ Թուրքիան մի օր կգիտակցի, որ հարևանների հետ խաղաղ գոյակցելն ավելի լավ է, քան կոշտ դիրքորոշումները:
Որպես համագործակցության լավագույն օրինակ ԱԺ նախագահը նշել է միջազգային խաղաղապահ ուժերում հայ զինվորների արհեստավարժ մասնակցությունը, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն միջազգային խաղաղության սպառող, այլև ակտիվ մասնակից է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Դեյվիդ Դրայերը նախ շեշտել է ամերիկահայերի այն մեծ դերակատարությունը, որ նրանք ունեն հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: Ըստ նրա, Միացյալ Նահանգները միշտ էլ արժևորել է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Դրայերի խոսքով, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված իրենց պատվիրակության այցի առաքելություններից մեկն էլ այն է, որ ներկայացնեն 223-ամյա պատմություն ունեցող ամերիկյան ժողովրդավարության ավանդույթները: Նշելով հայ-ամերիկյան արդեն ձևավորված սերտ հարաբերությունների մասին` Դրայերը տեղեկացրել է, որ իրենց խնդիրներից է քննարկել նաև, թե ինչպես խորացնել միջխորհրդարանական կապերը, աջակցությունը օրինաստեղծ աշխատանքներին: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, կենսունակ և հզոր պետություն, որում մեծ է խորհրդարանի դերը` որպես հասարակության բոլոր շերտերի հետ կապ հաստատողի»,-նշել է Դրայերը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին` ամերկացի կոնգրեսականը նշել է, որ տնտեսական ու առևտրական կապերի հաստատումը լավ ուղի կարող էր լինել բարիդրացիական հարաբերությունների ձևավորման ճանապարհին: Նա նշել է, որ այս մասին անձամբ ասել է նաև Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությանը:
Իրենց տեսակետներն են ներկայացրել նաև կոնգրեսականներ Ջեյմս Մորանը, Ջո Վիլսոնը, Քեննի Մարչանթը և Ադրիան Սմիթը, ինչպես նաև ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանք մասնավորապես կարևորել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը, Հայաստանում ներդրումների ծավալների ավելացման անհրաժեշտությունը` այդ գործում ներգրավելով ամերիկահայ գործարարներին, միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Հարավային Կարոլինան ներկայացնող Ջո Վիլսոնը ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը հրավիրել է այցելել Միացյալ Նահանգներ:
ԱԺ նախագահը պատասխանել է կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին: