Պաշտոնական

Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային

2 րոպեի ընթերցում

Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով այցի համար` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանային և համաշխարհային լուրջ դերակատարում ունեցող Հնդկաստանի հետ իր ունեցած սերտ հարաբերությունները: Պարոն Նիկոյանի խոսքով` այդ կապերը, որոնք դարերի պատմություն ունեն, ներկայում էլ բնականոն զարգանում են թե երկկողմ, թե միջազգային տարբեր կառույցներում համագործակցության շրջանակներում: ԱԺ նախագահը կարևորեց միջխորհրդարանական համագործակցությունը, որը եղել Է բավականին աշխույժ, և պատրաստակամություն հայտնեց էլ ավելի խորացնելու դրանք: Տպավորիչ են նաև Հնդկաստանի վերջին տարիների հաջողությունները տնտեսության, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և, ըստ պարոն Նիկոյանի, այս առումով ևս փոխգործակցության լավ հեռանկարներ կան:

Շնորհավորելով Սամվել Նիկոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ իր երկրում բարձր են գնահատում Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, որոնք ավանդական են: Նա շեշտեց այն ավանդը, որն ունեցել է հայ ժողովուրդը Հնդկաստանի մշակութային և այլ ոլորտներում: Աչալ Կումար Մալհոտրան, կարևորելով Ազգային ժողովի դերը երկրում իրականացվող բարեփոխման գործընթացներում, ընդգծեց միջխորհրդարանական երկկողմ համագործակցության կարևորությունը, որը, ըստ նրա, եղել է ամենաբաձր մակարդակի վրա: ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով, առկա են բոլոր նպաստավոր նախադրյալներն ավելի ընդլայնելու հայ-հնդկական կապերը` բոլոր հնարավոր ուղղություններով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում