Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց գերմանացի լրագրողների հետ

19:21, 14 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունեց գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին և Կնութ Թեսկեին, որոնք Հայաստան են ժամանել ծանոթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ եվրոպացի լրագրողները  առկա  հիմնախնդիրները հասկանալու եւ լուսաբանելու համար անձամբ են այցելել տարածաշրջան ի տարբերություն ոմանց, որոնք թվացյալ դատողություններ են անում չիմացած բաների մասին: Նա հույս հայտնեց, որ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո նրանք ամբողջական պատկերացում կունենան թե ԼՂՀ հիմնախնդրի, թե դրա պատճառների ու հնարավոր լուծումների վերաբերյալ, քանզի և Հայաստանում, և Արցախում պատրաստ են բաց ու առողջ քննարկումներ ծավալելու,  անկեղծ դիրքորոշումներ հայտնելու: Միայն թե հարգարժան լրագրողներն  էլ պետք է պատասխանատվություն դրսևորեն` փաստերը ներկայացնելով անաչառ ու անկողմնակալ:

Գերմանացի լրագրողները տեղեկացրին, որ նախորդ տարի իրենք եղել են Ադրբեջանում, այժմ Հայաստանում են, իսկ հաջորդ օրը մեկնելու են Լեռնային Ղարաբաղ` ամբողջական պատկերացում կազմելու առկա իրավիճակի մասին: Իրենք գրում են գերմանական հանրահայտ թերթերի համար և անցկացնում ինտերնետային ֆորումներ: Եվ այս ամենը նրա համար, որ գերմանացիները հասկանան, թե ինչու է ԼՂ հիմնախնդիրը դժվար լուծելի: Նրանց գնահատմամբ` եվրոպայի համար այս տարածաշրջանի նշանակությունը մեծ է, իսկ կոնֆլիկտային իրավիճակը` պայթյունավտանգ: Միաժամանակ իրենք հասկանում են, որ Հայաստանը «դժվար» հարևաններ ունի, բայց կարծում են, որ հակամարտության կողմերի դիրքորոշումները կարելի է մոտեցնել, փոխվստահություն սերմանել տնտեսական համագործակցության միջոցով: Նրանց տեղեկացմամբ` ադրբեջանցիները կողմ են արտահայտվել տնտեսական համագործակցությանը:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` խոսքի ու գործի հակասությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ հատուկ է ադրբեջանական գործելաոճին: Նրանք «քաղաքականություն են խաղում», այնինչ ինքը փաստերով կխոսի: Ըստ ԱԺ փոխնախագահի` եվրոպացիները շատ լավ պետք է իմանան, որ ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է հանդուրժողականությունը: Կարելի՞ է  համագործակցել մի երկրի ղեկավարի հետ, ով ռասիզմ է քարոզում, հոխորտում, թե ռազմական միջոցներով կգրավի Արցախը: Հայաստանը հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից լինելով` առաջարկում է հարցի լուծման փոխզիջումային տարբերակը, իսկ ադրբեջանի ղեկավարը իրենն է պնդում` նման հռոմեացի Կատոն Ավագի այն կարգախոսին, թե` «Կարթագենը պետք է կործանվի»:

Համագործակցության համար պետք է տարրական փոխվստահություն լինի, այնինչ, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց ձեռնպահ մնալ հարցը ռազմական ճանապարհով լուծելուց և դիպուկահարներին հետ քաշել, նրանք հրաժարվեցին: Ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել, երբ դիպուկահարները օրը ցերեկով կրակում են զինվորների ու խաղաղ բնակչության վրա: Չնայած այս ամենին` Հայաստանը շարունակում է մնալ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու կողմնակից:

 Շարմազանովը ներկայացրեց Ադրբեջանին Ղարաբաղի բռնակցման պատմությունը, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով միջազգայնորեն ընդունված ինքնորոշման սկզբունքի հիման վրա ստացած անկախության, այնուհետև ժողովրդավարացման ընթացքը: «Իրավական առումով Ղարաբաղը ունի միջազգայնորեն ճանաչվելու բոլոր հիմքերը», - հավելեց ԱԺ փոխնախագահը:

Գերմանացի լրագրողների այն հարցին, թե ինչ պետք է անել, եթե Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, Շարմազանովն ասաց. «Ոչինչ, Ղարաբաղը նվաճել է իր անկախությունը. ոչ թե Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այլ միջազգային հանրությունը, ինչը արել է մի շարք դեպքերում»,- և ապա, մատնացույց անելով գերմանացի լրագրողի առջև դրված ակնոցը, հարցրեց,- ես կարծում եմ, որ ոչ մեկը չի վիճարկում, որ դա Ձեր ակնոցն է. ի՞նչ կասեիք, եթե ես վերցնեի ու նվիրեի Ձեզ»: Գերմանացի լրարողների ժպիտը խոսուն էր,  օրինակը` դիպուկ:

ԱԺ փոխնախագահը, ի պատասխան լրագրողների հարցման, մերժեց նաև Ղարաբաղյան խնդրի կրոնական հիմքեր ունենալու մասին ադրբեջանական կեղծ ու անհիմն մեկնաբանությունները` տեղեկացնելով, որ ոչ միայն Հայաստանը մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ունի, այլև մուսուլմանական բազմաթիվ երկրների հայկական գաղթօջախներում մեր հայրենակիցները սերտ համագործակցում են, ավելին` ինտեգրվել են այդ երկրների քաղաքացիական հասարակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև հայ-թուրքական հարաբերություններին, հայոց ցեղասպանությանն ու նրա ճանաչմանն առնչվող հարցեր:

Գերմանացի լրագրողները շնորհակալություն հայտնեցին Էդուարդ Շարմազանովին անմիջականության ու անկեղծության համար, իսկ վերջինս հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղ այցից հետո կամբողջանան նրանց պատկերացումները հիմնախնդրի վերաբերյալ: «Այդ նորանկախ երկրում դուք կտեսնեք չափահաս մի սերունդ, որն ազատ մտածողություն ունի. չի տեսել ու չի ուզում իմանալ, թե ինչ բան է ադրբեջանական իշխանությունը: Նրանք միշտ առաջ են նայում ու շարժվում են առաջ», -նշեց Շարմազանովը:

Դիտվել է 574 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ