Պաշտոնական

Բելառուսի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում

7 րոպեի ընթերցում

Բելառուսի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել  Ազգային ժողովում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 14-ին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ-ում հանդիպումներ է ունեցել եվրոպական կառույցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ին ԱԺ հասարակայնույան հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ հանդիպումներին մասնակցում էր նաեւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին քննարկել են Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ հատկապես խորհրդարանական ձեւաչափում համագործակցության հնարավորությունը: Վեհաժողովում հայկական պատվիրակության ողջ կազմը, Վահան Հովհաննիսյանի ներկայացմամբ, պաշտպանում է Արեւելյան բոլոր 6 երկրների լիարժեք ներկայացվածությունը «Եվրանեսթում»: Այս սկզբունքից ելնելով` հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել հակաբելառուսական բանաձեւի ընդունմանը` երկրորդ լիագումար նիստում ներկայացված փաստաթղթին դեմ քվեարկելով: Բանախոսը տեղեկացրել է կառույցի առաջիկա աշխատանքների մասին` նշելով, որ մեկ շաբաթից Երեւանում կկայանա «Եվրանեսթի» սոցիալական, կրթամշակութային եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը:

Գումինսկին, ի դեմս հայկական պատվիրակության ղեկավարի, շնորհակալություն է հայտնել Հայաստանին սկզբունքային ու կառուցողական դիրքորոշման համար` բնորոշելով այն նաեւ բարեկամական: Ներկայացուցիչների պալատի փոխնախագահն ափսոսանք է հայտնել Բելառուսի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների կապակցությամբ` նշելով, որ իր երկիրը պատրաստ է Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցելու եւ առաջարկներով հանդես գալու հավասար գործընկերային հիմունքներով: Նա նշել է, որ տնտեսական համագործակցությունը ԵՄ երկների հետ խիստ ակտիվ է, խնդիրները զուտ քաղաքական բնույթի են:

Զրուցակիցները, ի թիվս Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջազգային կառույցներում փոխգործակցության խնդիրների, անդրադարձել են նաեւ քաղաքական, տնտեսական, ռազմական ու հասարակական համագործակցությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետյանը:

ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը նույն օրն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել տարբեր միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ-ում հայ և բելառուս գործընկերների փոխշահավետ համագործակցությունը և տարբեր քննարկումների ընթացքում ցուցաբերված դիրքորոշումները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների պատվիրակությունների միջև առկա փոխշահավետ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կլինեն շարունակական:

ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը ողջունելով հյուրերին` պարզ և թափանցիկ գնահատել է տարբեր միջազգային կառույցներում հայկական և բելառուսական պատվիրակությունների համագործակցությունն ու դիրքորոշումները, նկատելով, որ դրանց հիմքում ազնվությունն է: Սաֆարյանի խոսքով` հայ և բելառուս գործընկերներն արդյունավետ համագործակցում են ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ , այլև ՀԱՊԿ շրջանակներում և կարծում է, որ այն անհրաժեշտ է շարունակել: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կառույցներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանն անդրադարձել է առաջիկա մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ու ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի և ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության կողմից առաջարկել դիտորդական առաքելություն իրականացնել: Նա շեշտել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ իրականացնելու հարցում շահագրգիռ են ԱԺ բոլոր խմբակցությունները:

ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին հաջողություններ և նոր ձեռքբերումներ է մաղթել կայանալիք ընտրություններում:

Նույն օրը Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակության հետ հանդիպել է նաեւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հանդիպման ընթացքում բելառուսական պատվիրակությունը բարձրացրել է միջազգային կառույցներում Բելառուսի խնդրին առնչվող հարցեր` ակնկալելով հայկական պատվիրակությունների աջակցությունը: Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով միջազգային կառույցներում հետորհրդային որոշ երկրների հանդեպ ձեւավորված վերաբերմունքին, նշել է, որ իր համար անընդունելի է այդ կառույցներում երկակի ստանդարտների կիրառումը` արձանագրելով, որ վերջին շրջանում միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցներ, ինչպիսին օրինակ Եվրոպայի խորհուրդն է, ակնհայտորեն կիրառում են երկակի ստանդարտներ: Նշելով, որ Բելառուսում կան ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ` տիկին Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության եւ ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված շատ ավելի լրջագույն խնդիրներ կան Ադրբեջանում, որի հանդեպ ԵԽԽՎ-ն բավականաչափ լոյալ է։ Իսկ Ադրբեջանում առկա ժողովրդավարության խորը ճգնաժամին չանդրադառնալու պատճառը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, այն է, որ Ադրբեջանը կարողանում է «իր ժողովրդավարությունը գնել նավթով»:

Կողմերն անդրադարձել են նաեւ ներքաղաքական իրավիճակին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Քանի որ տիկին Զոհրաբյանը «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն է, հյուրերը շնորհակալություն են հայտնել նրան` «Եվրանեսթ» ԽՎ-ում Բելառուսի խնդրին աջակցելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում