Սամվել Նիկոյանն ընդունել է ՀՀ-Բելառուսի միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին
19:51, 13 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի հախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու ղեկավարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը անդրադարձել է այն արդյունավետ աշխատանքին, որ ծավալվել է երկու խորհրդարանների միջեւ, կարեւորել է համագործակցությունը միջազգային կառույցների, մասնավորապես` Անկախ պետությունների համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում: Նա վստահություն է հայտնել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը հետագայում եւս կխորանա: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի վեցերորդ նիստը եւս մեկ քայլ կլինի համագործակցության հետագա ամրապնդման համար:
Իր եւ Բելառուսի խորհրդարանի ղեկավարության անունից շնորհավորելով Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, Վիկտոր Գումինսկին նշել է, որ բելառուս խորհրդարանականները կարեւորում են հայ գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցությունը, նշելով, որ ԲՀ ԱԺ-ում գործում է ընդամենը չորս համանման հանձնաժողով: Նա եւս կարեւորել է միջազգային կառուցներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, նման հանդիպումների ու քննարկումների շարունականությունը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Դիտվել է 97 անգամ

Ֆոտոհոսք
RSS
