Արցախում կշարունակվեն սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերը
17:57, 20 Հունվար, 2012ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարի ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից պետական միջոցներով իրականացվել է 50 ծրագիր` այդ նպատակով ծախսվելով 16 միլիարդ 800 միլիոն դրամ:
Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը` նշելով, որ տարին ավարտել են առանց սոցիալական պարտավորությունների: Նախարարի խոսքով, 2011թ-ին սոցպաշտպանության բնագավառի քաղաքականության հիմնական նպատակները եղել են ժողովրդագրական վիճակի բարելավումը, քաղաքացու կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծումը, հասարակություն մեջ սոցիալական բեւեռացման մեղմացումը, կենսաթոշակային ապահովման համակարգի կատարելագործումը եւ զբաղվածության քաղաքականության վարումը:
Անցած տարվա ընթացքում ոլորտին վերաբերող 60 ենթաօրենսդրական ակտեր են ընդունվել, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել մի շարք գործող օրենքներում: «Հիմնական աշխատանքն ուղղված է եղել կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստմանը, ինչի արդյունքում տարեվերջին ունեցանք պետական կենսաթոշակների մասին նոր օրենք, որի կիրառման հետեւանքները զգալու ենք 2014թ-ին»,-ասաց Ասծատրյանը:
Խոսելով ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերի մասին` նախարարը նշեց, որ 2012-ին միանշանակ կշարունակվեն իրականացվել բոլոր այն ծրագրերը, որոնք գործել են 2011թ-ի ընթացքում: «Դեռ ավելին, կյանքի կկոչվեն նոր ծրագրեր, որոնք կառնչվեն զբաղվածության ոլորտին եւ ուղղված կլինեն իրականացվող պետական քաղաքականության ակտիվացմանը»,-ասաց նա` ավելացնելով, որ 2012թ-ին ԼՂՀ պետական բյուջեի նախագծով սոցպաշտպանության ոլորտում իրականացվելիք 53 ծրագրի համար նախատեսվել է 18.3 մլրդ դրամ, ինչն, ի դեպ, կազմում է պետբյուջեի ամբողջ ծախսային մասի 26.1 տոկոսը:
Դիտվել է 164 անգամ

Ֆոտոհոսք
RSS
