Ա. Մովսիսյան. «Թուրքական մամուլում ՀԱԷԿ-ի մասին շահարկումները քաղաքական հեռահար նպատակ ունեն»
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո թուրքական մամուլում Հայաստանի ատոմակայանի մասին հրապարակումները քաղաքական հեռահար նպատակ ունեն: Այսօր Ազգային ժողովում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հավելելով, որ այդ նպատակներից է թույլ չտալ Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը` դրանով իսկ մեր երկրին դնելով էներգետիկ խիստ լարված վիճակում:
Նախարարի խոսքով` հայկական ատոմային էլեկտրակայանը կառուցված է 9 բալանոց երկրաշարժի գոտու համար եւ այդ հատկությամբ նախկին ԽՍՀՄ-ում միակն է եղել:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլում Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո սկսեցին հրապակարումներ տարածվել այն մասին, թե երկրաշարժն ազդել է նաեւ ՀԱԷԿ-ի վրա, ինչի հետեւանքով իբր այնտեղից տեղի է ունեցել արտահոսք:
Ա. Մովսիսյանի կարծիքով` թուրքական եւ ադրբեջանական մամուլը սովորություն է դարձրել ՀԱԷԿ-ի վերաբերյալ շահարկումների տարածումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում