Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՊՏՀ նախաձեռնած աշխատանքի տոնավաճառը բաց կլինի բոլոր աշխատանք փնտրողների համար․ կներկայացվի ավելի քան 600 աշխատատեղ

ՀՊՏՀ նախաձեռնած աշխատանքի տոնավաճառը բաց կլինի բոլոր աշխատանք 
փնտրողների համար․ կներկայացվի ավելի քան 600 աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արդեն չորրորդ տարին անընդմեջ մայիսի 15-ին կկազմակերպի աշխատանքի տոնավաճառ։

Այս մասին «Արմենպրես»-ի   թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց բուհի Կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը՝ նշելով, որ աշխատանքի տոնավաճառը նախատեսված է ՀՊՏՀ բակում, առավոտյան ժամը 11։00-ից մինչև 14։00-ն։

«Աշխատանքի տոնավաճառը մեկ օրվա աշխատանքի արդյունք չէ, որովհետև ամբողջ տարվա ընթացքում մենք տարբեր ձևաչափերով փորձում ենք գործատուներին մեր ուսանողների, շրջանավարտների և առհասարակ բուհի գիտակրթական կյանքում ակտիվ ներգրավել։ Ամբողջ տարվա ընթացքում նրանք ներգրավված են, այդ թվում՝ մեր մասնագիտական կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում։ Մեր ուսանողները բուհում ստանում են ակադեմիական գիտելիքներ, բայց դրան ի լրումն նրանց երբեմն անհրաժեշտ են լինում նաև պրակտիկ գիտելիքներ։ Այդ առումով գործատուները, մեր գործընկերներն օգնության են գալիս ամբողջ ուսումնական տարվա ընթացքում»,-ներկայացրեց մեր զրուցակիցը՝ բարձր գնահատելով գործատուների համագործակցությունը ուսանողներին գործնական գիտելիքների փոխանցման առումով։

Նրա խոսքով՝ աշխատանքի տոնավաճառը բավականին լայնամասշտաբ միջոցառում է համալսարանում, որովհետև հյուրընկալվում են հայաստանյան լավագույն գործատուներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներից։

Ըստ Վարդանյանի՝ նախորդ տարի տոնավաճառին մոտ 5000 մասնակից է եղել։ Արդյունքում՝ նույն օրը մոտ 30 մասնակից կարողացել է աշխատանք գտնել։

Այս տարի ՀՊՏՀ-ի բակում նախատեսված աշխատանքի տոնավաճառին ներկայացվելիք թափուր աշխատատեղերի ցանկն ընդգրկուն է։ Վարդանյանի հավաստմամբ՝ այն չի սահմանափակվի միայն մասնագիտական որակավորում պահանջող թափուր աշխատատեղերով, իսկ տոնավաճառը բաց է բոլոր աշխատանք փնտրողների համար, այդ թվում՝ մարզերի բնակիչների, քանի որ ավելի քան 600 թափուր աշխատատեղերն ընդգրկում են նաև մարզային բնակավայրեր։

«Հաշվի առնելով, որ ՀՊՏՀ-ն շատ կարևորում է սոցիալական պատասխանատվությունը հասարակության համար՝ մենք աշխատանքի տոնավաճառը բաց ենք կազմակերպում և մեր գործընկերներին էլ հորդորում ենք, որ թափուր հաստիքների ներկայացման մասով սահմանափակումներ չունենան։ Այսինքն՝ չսահմանափակվեն միայն մասնագիտական, տնտեսագիտության ոլորտին առնչվող թափուր հաստիքներով»,-ասաց ՀՊՏՀ Կարիերայի կենտրոնի պետը՝ խորհուրդ տալով բոլոր աշխատանք փնտրողներին այդ օրը ներկա գտնվել աշխատանքի տոնավաճառին։

Այս տարի, ըստ Վարդանյանի, գործատուների թիվը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի էր։

Նորությունները վերաբերում են ոլորտներին․ այս տարի մոտ 8 տասնյակ գործատուների ընդգրկվածությամբ տոնավաճառին  նաև թափուր աշխատատեղեր կներկայացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածից։

Բացի այդ՝ կմասնակցեն գործատուներ բանկային համակարգից՝ մարզային մասնաճյուղերում թափուր հաստիքներով, ինչպես նաև պետական հատվածից՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, ֆինանսների նախարարություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am