Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ

Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը բերման է ենթարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքող երկու ցուցարարների՝ բողոքը խաղաղ ձևով արտահայտելուց հրաժարվելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանի խորհրդարանի մոտ արդեն երրորդ օրն է, ինչ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում. օրինագծի դեմ են հանդես գալիս ընդդիմությունը, ոչ կառավարական կազմակերպությունները և երկրի արևմտյան գործընկերները։ Ապրիլի 17-ին խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն, այնուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունել են աղմկահարույց օրինագիծը։

ՆԳՆ-ն ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ է արել դուրս չգալ օրենքի սահմաններից և ենթարկվել ոստիկանության պահանջներին։

Ըստ հրապարակման՝ այս պահին կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է. ընդդիմության առաջնորդները պահանջում են հանդիպում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ցուցարարները պարբերաբար փորձում են ճեղքել շենքի մուտքի մոտ շարված ոստիկանական շղթան։

Առաջատար ընդդիմադիր կուսակցությունները և հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը մի շարքում է դնում  Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է ոչ կառավարական կազմակերպություններին և խոչընդոտում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին: Նրանց գլխավոր փաստարկն Արևմուտքի քննադատությունն է։

Եվրամիությունը, ինչպես նաև ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել այդ օրինագծից։

Վրաստանի իշխող կուսակցությունն իր հերթին պնդում է, որ ոչ մի հակառակորդ չի հիմնավորում իր դիրքորոշումն օրինագծի վնասի վերաբերյալ, այլ սահմանափակվում է սոսկ ընդհանուր արտահայտություններով, որ դա խոչընդոտ է եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին։

Իշխանությունները պնդում են, որ լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների արտասահմանյան ֆինանսավորման թափանցիկության ապահովումն անհրաժեշտ է՝ կանխելու արմատականացումը, բևեռացումը, ագրեսիան, կրոնական ծայրահեղականությունը, պետական ​​ինստիտուտների թուլացումը, ոչ ավանդական ապրելակերպի կամ կուսակցությունների արմատական-​​հեղափոխական նպատակների հանրահռչակումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am